Միրզոյանը ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանին առաքելությունը շարունակելու ԵՄ անդամ տարբեր երկրների պատրաստակամությունը

Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է հայ-ադրբեջանական սահմանին միջազգային կառույցների դիտորդական առաքելության ներկայությամբ և ողջունում է ԵՄ անդամ տարբեր երկրների պատրաստակամությունը շարունակել առաքելությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության անդամների հետ ՀՀ ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանին։ Պատգամավորը խնդրեց, որ ԱԳ նախարարը իր գնահատականը տա ԵՄ դիտորդական առաքելության գործունեության և դերի մասին։ Պատգամավորը հիշեցրեց, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը խոսել է դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման մասին։ Այս առնչությամբ պատգամավորը հարցրեց, թե ինչպիսին է Հայաստանի դիրքորոշումը այս հարցում։

«Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է հայ-ադրբեջանական սահմանին միջազգային կառույցների դիտորդական առաքելությամբ։ Մենք այս հարցով, եթե կհիշեք, դիմել էինք տարբեր կազմակերպությունների՝ ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԵՄ-ին։ Այս ընթացքում նաև ԵԱՀԿ-ից առաքելություն եկավ և այն արդեն ավարտվել է։ Այս պահին դեռ ընթանում է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքը, ժամկետը չի ավարտվել։ Այն կավարտվի դեկտեմբերի 19-20-ին։ Ես ողջունում եմ ԵՄ անդամ տարբեր երկրների պատրաստակամությունը՝ շարունակել առաքելությունը և շարունակել պահպանել ներկայությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին»,- նշեց Միրզոյանը։

ԱԳ նախարարը խիստ կարևորեց  ԵՄ դիտորդական առաքելության գնահատականները հետագա միջազգային գործընթացների համար։ Նրա կարծիքով՝ միայն չեզոք դիտորդների և մոնիթորինգային առաքելության ներկայությունը կունենա Հայաստան-Ադրբեջան սահմանին իրավիճակի հետագա սրման կանխարգելիչ նշանակություն։

«Եվրոպական Միության այդ առաքելությունը նաև այդպիսի դեր է խաղացել։ Հետևաբար՝ Հայաստանի Հանրապետությունը կարող է ողջունել այս առաքելության երկարաձգումը կամ նոր դիտորդական առաքելության ուղարկումը»,- եզրափակեց Միրզոյանը։