«Երբ մարդը չի ընդունում իրեն իբրև Աստծո պատկեր, այլ իրեն պահում է իբրև անասուն, պատահում են դեպքեր, ինչպես Պեմզաշենում». Շիրակի թեմի առաջնորդ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը

– Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել…

– Շիրակի մարզը միայն Շիրակի թեմը չէ, Պեմզաշենը արդեն 10 տարի է՝ գտնվում է Արթիկի թեմում: Այսինքն՝ Պեմզաշենը արդեն 10 տարի է՝ իմ թեմում չէ:

– Այդուհանդերձ, Սրբազա՛ն, տեղի ունեցածի մասին որպես հոգևորական ի՞նչ եք մտածում, ինչո՞ւ է նման դաժանությամբ դեպք տեղի ունենում:

– Երբ մարդը չի ընդունում իրեն իբրև Աստծո պատկեր, այլ իրեն պահում է իբրև կենդանի, իբրև անասուն, պատահում են նման դեպքեր: Երբ մարդը մոռանում է, որ ինքը Աստծո պատկերն է, լինում է սա: Մարդն Աստծո պատկերն է, չէ՞:

Բայց կարող է այդ պատկերը աղավաղվել անճանաչելիության աստիճան: Այդ պրոցեսի մեջ մենք ազգովի մտել ենք 100 տարի առաջ՝ 1920 թվականից, և մինչև հիմա չենք ուզում այդ պրոցեսից դուրս գալ:

– Ինչո՞ւ է մարդը գնացել այդ քայլին՝ ըստ Ձեզ:

– Եթե մարդը կենդանի է, ամեն ինչի էլ կարող է ընդունակ լինել: Եթե նրա մոտ աշխատում են միայն կենդանական, անասնական, գազանական կրքեր, բնազդներ, լինում են նման ողբերգություններ:

– Ըստ որոշ տեղեկությունների՝ կատարվածի հիմքում սոցիալական բաղադրիչ կա, այսինքն՝ մտել են կնոջ տուն գումար, ոսկեղեն գողանալու:

– Ոչ մի սոցիալական բաղադրիչ էլ չկա, ոչ մի սոցիալական բաղադրիչ չկա: 0.01 տոկոս սոցիալական բաղադրիչ չի կարող լինել նման անասունության մեջ, չի կարող լինել նման գազանության մեջ: Դրանք հիմարություններ են, որ ասվում են: Ինչպես միշտ: Ի՛նչ սոցիալական բաղադրիչ: Երեխային բռնաբարելով ի՛նչ սոցիալական հարց է լուծվում, կնոջը բռնության ենթարկելով, սպանելով ի՛նչ սոցիալական հարց է լուծվում: Ի՛նչ սոցիալական բաղադրիչի մասին է խոսքը:

Դա ընդամենը մարդու գազանացումն է, Աստծո պատկերի լիակատար խաթարումն է և Աստծուց հեռացումն է՝ լիակատար, ամբողջական և գուցե՝ անվերադարձ:

– Իսկ ինչպե՞ս մոտենալ Աստծուն:

– Արդեն անելուց հետո ի՞նչ մոտենալ Աստծուն: Նրան արդեն հասնում է աստվածային պատիժ, եթե մարդկային պատիժը չի հասնելու կամ, չգիտեմ, կիսատ-պռատ է հասնելու, պիտի մաղթենք, որ աստվածային պատիժը լիակատար գործի: Եվ հենց այս կյանքում գործի, որպեսզի բոլորը տեսնեն:

– Նկատի ունեմ՝ ընդհանրապես, ինչպե՞ս մոտենալ Աստծուն, որ նման գազանություն, ինչպես դուք եք ասում, չծնվի մարդկանց մեջ:

Մարդ պետք է ընդամենը քրիստոնյա լինի, Ավետարան պետք է կարդա, ավետարանական սկզբունքներով պետք է ապրի, Եկեղեցու հետ հաղորդության մեջ պետք է լինի: Դա պետք է երկուստեք լինի, որպեսզի էսպիսի ողբերգություն տեղի չունենա: Չի կարող մի ընտանիքը քրիստոնյա լինել, կողքի ընտանիքը՝ Աստված գիտի՝ ինչ կենդանական բնազդներ կրող: Քրիստոնյաներ են, չէ՞, տուժելու, ինչպես եղավ այս պարագային:

Այդպիսի կենդանական բնազդներ ունեցողներն ապրում են, իսկ քրիստոնյաները զոհվում են, որովհետև կենդանական բնազդ ունեցողը չի քշում կենդանական բնազդ ունեցողի վրա, գիտի, որ հակահարված կստանա, հարձակվում է անպաշտպանի վրա:

Ոչինչ չի կարող մեղմել ցավը:

– Շատերն ասում են՝ միայն թուրքը կարող էր նման բան անել…

– Հայի մեջ էնքան թուրք կա՛: Ժամանակին երբ ես ասում էի՝ ամեն հայ հայ չի, ամբողջ համացանցը հարձակվում էր ինձ վրա: Անշուշտ, ամեն հայ հայ չի, որովհետև ամեն քրիստոնյա, որ քրիստոնյա չի, հայ չի: Ով քրիստոնյա չի, հայ չի, բա էդ մարդկանց կարելի՞ է քրիստոնյա համարել: Բա դրանք քրիստոնեության հետ որևիցե կապ ունե՞ն:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am