Մինչև հակամարտության վերջնական կարգավորումն՝ անհրաժեշտ է ապահովել ՌԴ խաղաղապահների առաքելությունն Արցախում. Արայիկ Հարությունյան

Փարիզում դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակության հանդիպումը ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որը կազմակերպվել էր Ֆրանսահայ միությունների համակարգող խորհրդի (CCAF) կողմից:

Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, ողջույնի խոսքով հանդես են եկել Խորհրդի համակարգողներ ֆրանսահայ հասարակական գործիչ Արա Թորանյանը և ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:

Իր հերթին երկրի ղեկավարը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Հանրապետությունում ընթացող սոցիալ-տնտեսական բազմաթիվ ծրագրերը՝ ուղղված պատերազմի հետևանքով բռնի տեղահանված անձանց, ենթակառուցվածքային ռազմավարական խնդիրների լուծմանը, բնակչության բնականոն կենսագործունեության համար բավարար պայմանների ստեղծմանը:

Առկա մարտահրավերներին դիմակայելու, կատարվող աշխատանքները հաջողությամբ իրականացնելու ու պատերազմից հետո ստեղծված ճգնաժամը հաղթահարելու հարցում նախագահը կարևորել է համահայկական համախմբվածության, յուրաքանչյուր հայի ներգրավվածության աստիճանի բարձրացման և ներուժի օգտագործման անհրաժեշտությունը:

«Ամեն մեկը, որտեղ էլ լինի, իր գիտելիքների, փորձի, կարողությունների, ունակությունների ու հմտությունների սահմաններում պետք է նպաստի հայրենիքի զարգացմանն ու զորացմանը: Սա է հայոց պետականությունն ամրացնելու, ժամանակակից հարափոփոխ աշխարհում մեր ազգային ինքնությունը պահելու միակ ճանապարհը: Մենք այլընտրանք չունենք»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Միաժամանակ, Արայիկ Հարությունյանը նշել է, որ Ֆրանսիայի հայկական համայնքը միշտ կանգնած է եղել Արցախի կողքին ու այսօր էլ օգնում է ապաքինվել պատերազմի ծանր վերքերից և դառնալ կենսունակ երկիր` միշտ մնալով հայկական: Նախագահը վստահություն է հայտնել, որ ֆրանսահայերը կշարունակեն իրենց հայրենանվեր գործունեությունը ու կնպաստեն Արցախի և Ֆրանսիայի միջև գործնական կապերի խորացմանը:

Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին: Անվտանգությանն առնչվող հարցին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արցախի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ մինչև հակամարտության վերջնական կարգավորումը անհրաժեշտ է ապահովել ՌԴ խաղաղապահների, որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորի, անժամկետ առաքելությունն Արցախում՝ դրան զուգահեռ աշխատելով լրացուցիչ միջազգային երաշխիքների ապահովման ուղղությամբ:

Հանդիպմանը մասնակցել են նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայի օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ: