Ո՞վ է ռուս ուղղափառ կոմունիստը, որը Թբիլիսիում բողոքի ցույցերի պատճառ է դարձել

Ո՞վ է ռուս ուղղափառ կոմունիստը, որը Թբիլիսիում բողոքի ցույցերի պատճառ է դարձել
Ո՞վ է ռուս ուղղափառ կոմունիստը, որը Թբիլիսիում բողոքի ցույցերի պատճառ է դարձել

Գավրիլովը փորձել է նստել Վրաստանի խոսնակի աթոռին, և դա առանց այն էլ իշխանությունների վրա զայրացած հասարակության համար «վերջին կաթիլն» է դարձել։ Ո՞վ է նա, և ինչո՞վ է զբաղվում Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը։ Հասկանալու համար, թե ինչու ենք մենք գրում մինչ այս պահը ոչ այնքան հայտնի ռուս պատգամավորի մասին, որը միաժամանակ և կոմունիստ է, և ակտիվ քրիստոնյա, պետք ներկայացնել նախապատմությունը։ Ահա այն։

Նախապատմություն

Հունիսի 21-ի լուսադեմին Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ցրեցին Վրաստանի խորհրդարանի մոտ անցկացվող բազմահազարանոց ցույցը, որը շարունակվում էր նախորդ օրվա երեկոյան ժամը յոթից։

Լրագրողների գնահատականով՝ փողոց էր դուրս եկել ոչ պակաս, քան 30 հազար մարդ։ Ակցիան քաղաքական գործիչների կողմից չէր կազմակերպվել, սակայն դրան մանակցում էին ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներն ու քաղաքացիական ակտիվիստները։

Ցուցարարների գլխավոր պահանջը ՆԳՆ և պետանվտանգության ծառայության ղեկավարների, վարչապետի և խոսնակի հրաժարականն էր։ Ցուցարարները խորհրդարանի գրոհի մի քանի փորձ կատարեցին, որից հետո ոստիկանները սկսեցին կրակել ռետինե փամփուշտներով և կիրառեցին արցունքաբեր գազ ու ջրցաններ։

Տուժածներին տարան շտապօգնության մեքենաները։ Ձերբակալվածների և վիրավորների թիվը հայուրների է հասնում։ Մի քանի ցուցարար աչքից է զրկվել։

Թեև ցույցը վաղուց էր հասունանում և կապված է հասարակությունում «Վրացական երազանք» իշխող կուսակցության և անձամբ դրա առաջնորդ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի հանդեպ դժգոհության հետ, փողոցային ակցիաների անմիջական առիթը Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովն էր։

Թբիլիսիում հունիսի 19-ին բացվել էր Ուղղափառության միջխորհրդարանական համաժողովը։ Չգիտես ինչու, դրա բացման իրավունքը տրվել էր ռուս պատգամավոր Գավրիլովին։ Եվ, չգիտես ինչու, նա նիստը բացում էր՝ Վրաստանի խորհրդարանի նախագահի աթոռին նստած։

Այդ իրադարձությունը վրացական հասարակության համար կարծես «վերջին կաթիլն» էր։ Սկզբից նիստերի դահլիճը լքեց վրդովված խորհրդարանական ընդդիմությունն, այնուհետև բողոք արտահայտեցին խորհրդարանական մեծամասնության անդամները։ Եվ թեև իշխանությունները միանգամից հայտարարեցին, որ Վրաստանի խոսնակի աթոռին Գավրիլովի հայտնվելն «արարողակարգային սխալ էր», գործընթացը գնաց, և Թբիլիսիի փողոցներ դուրս եկան հազարավոր մարդիկ։

Ո՞վ է պատգամավոր/կոմունիստ/ուղղափառ Սերգեյ Գավրիլովը, և ի՞նչ է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը

Ո՞վ է Սերգեյ Գավրիլովը

Սերգեյ Գավրիլովը 2007թ-ից Ռուսաստանի պատգամավոր է Կոմունիստական կուսակցությունից։ Մինչ այդ նա երեք անգամ փորձել է ՌԴ Պետդումա անցնել, բայց ապարդյուն։

Ռուսական խորհրդարանի ներքին պալատ ընտրվելուց հետո Գավրիլովը զբաղեցնում էր Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի կոմիտեի նախագահի պաշտոնը, հետագայում նա դարձավ տրանսպորտի հարցերով կոմիտեի ղեկավարի տեղակալը։

Օրենսդիր գործունեությունում Գավրիլովն ակտիվ մասնակցություն չունի, այդ պատճառով նույնիսկ Ռուսաստանում նա քչերին է հայտնի։

Ինչպես գրում են ռուսական լրատվամիջոցները, որոշ ժամանակ առաջ Գավրիլովը դարձել է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նախագահը։

Նրանց, ովքեր հունիսի 20-ի երեկոյան դուրս եկել էին վրացական խորհրդարանի մոտ, վրդովեցրել էր այն, որ Գավրիլովն ավելի վաղ Աբխազիայի անկախության օգտին էր խոսում։

Ռուս-վրացական պատերազմում Գավրիլովն իր մասնակցությունը հերքում է․

«Կարծում եմ՝ մենք պետք է ներդրում կատարենք ոչ միայն զբոսաշրջության և բիզնեսի մեջ, այլև մշակույթի ոլորտում, – ասել է նա ռուս լրագրողներին։ – Ուզում եմ պատասխանել այն կեղծ լուրերին, որոնք տարածվում են վրացական մամուլում։ Գավրիլովը երբեք չի մասնակցել Աբխազիայի տարածքում մարտական գործողությունների։ Դա սուտ է»։

Սակայն 2008թ-ին Գավրիլովը մյուս ռուս պատգամավորների հետ միասին քվեարկել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչման օգտին։

Ի՞նչ է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որի շրջանակում Սերգեյ Գավրիլովը ելույթ էր ունենում վրացական խորհրդարանում, ստեղծվել է 1993թ-ին Հունաստանի խորհրդարանի նախաձեռնությամբ։

Դրան անդամակցում են պատվիրակություններ և պատգամավորներ 25 երկրից, այդ թվում՝ Վրաստանից, Հայաստանից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Բելառուսից և ԱՄՆ-ից։

Վեհաժողովի հիմնական խնդիրներից մեկն, ինչպես ասվում է դրա կայքում, «Եվրամիության շրջանակում ուղղափառության՝ որպես զգալի և անհրաժեշտ քաղաքական, մշակութային և հոգևոր արտահայտչամիջոցի դերը զարգացնելն է նոր եվրոպական իրականության ձևավորման մեջ»։

Նախորդ տարիներին վեհաժողովն իր նիստերն անցկացնում էր Աթենքում, Սալոնիկում, Կահիրեում, Սոչիում և այլ քաղաքներում։ Սակայն այն մասին, թե ուղղափառության դերի վրա ինչ իրական ազդեցություն է այն ունեցել, հայտնի չէ։

Թբիլիսիում այդ միջոցառումն առաջին անգամ էր անցկացվում։

Աղբյուրը`JAMNEWS