Մարդիկ, օգտվելով առիթից, բարձրացրել են դիզվառելիքի գինը. մենք կզբաղվենք նրանցով, անձնական զանգերն էլ չեն օգնի. Վարդանյան

«Արդեն երրորդ օրն է, ինչ Արցախը գտնվում է բլոկադայի մեջ, 72 ժամ է անցել արդեն, բայց ես տեսնում եմ արցախցիների համախմբվածությունը և համոզված եմ, որ մենք այս ամենից դուրս կգանք պատվով»:

Այս մասին քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում հայտնել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը՝ նշելով, որ ճանապարհներ չեն փակվել անգամ առաջին և երկրորդ արցախյան պատերազմների ժամանակ, բնակչությունը մշտապես կարողացել է ստանալ սնունդ, դիզվառելիք, այլ անհրաժեշտ պարագաներ, այժմ  տեղի ունեցողը աննախադեպ իրողություն է:

Պետնախարարը նշեց, որ կան անհատներ, որոնք բարձրացրել են դիզելային վառելիքի գները՝ օգտվելով շրջափակման փաստից և վառելիքի սուղ պաշարներից: Այս դեպքում, ըստ պետնախարարի, ահազանգերը ստացվել են թեժ գծին և իրենք զբաղվում են արդեն այդ հարցով:

«Բոլոր մարդիկ հավասար են, մենք թույլ չենք տա առիթից օգտվել, անգամ անձնական զանգերն ու կապերը չեն օգնի»,-վստահեցրեց Վարդանյանը:

«Իրենք (բնապահպան ներկայացող ադրբեջանցիները-խմբ.)  հայտարարում են, թե թույլ են տալիս, որ քաղաքացիական մեքենաներն անցնեն: Իրենք ով են, որ թույլ տան կամ թույլ չտան: Թույլ է տալիս մի կին, ով ներկայանում է ինչ-որ մարդու իրավունքերի պաշտպանության կազմակերպության ղեկավար, ո՞վ է ինքը, որ թույլ տա: Լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունները կեղծ են, մի հավատացեք»,-հավաստիացրեց Ռուբեն Վարդանյանը:

Պետնախարարը հիշեցրեց, որ թեժ գծի հեռախոսահամարներն աշխատում են 24-ժամյա ռեժիմով, բայց իրենք արձահանքելու են յուրաքանչյուր հարցի և վստահ են, որ համախմբված կերպով կկարողանան հաղթահարել այս փորձությունն էլ: