Տարածաշրջանում անվտանգային իրավիճակին առնչվող հարցերը Միրզոյանը քննարկել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահի հետ

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերի հետ, հայտնում է ԱԳՆ-ն:

Նրանք քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանում անվտանգային իրավիճակին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ վերջին զարգացումներին առնչվող հարցեր:

Արարատ Միրզոյանը Ֆիլիպ Ռիքերին ներկայացրել է դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ ստեղծելուն և Լեռնային Ղարաբաղի հայությանն էթնիկ զտման ենթարկելուն։

Արարատ Միրզոյանը նաև ընդգծել է, որ Ադրբեջանը խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները՝ ոտնահարելով միջազգային հումանիտար իրավունքը՝ կարևորելով միջազգային հանրության հասցեական արձագանքը Լաչինի միջանցքով անխոչընդոտ երթևեկության վերականգնման համատեքստում:

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն էր երեկ, իր հերթին, հեռախոսազրույցներ ունեցել Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ, հորդորել Բաքվին և Երևանին դիտարկել քայլեր, որոնք կթուլացնեն երկկողմ լարվածությունը և հիմք կդնեն բարիդրացիական հարաբերությունների համար: Սալիվանը նշել է ԱՄՆ-ի պահպանվող մտահոգությունը Լաչինի միջանցք մուտքի խոչընդոտման և այդ իրավիճակի ահագնաց հումանիտար հետևանքների կապակցությամբ ու կոչ է արել ամբողջովին վերականգնել միջանցքով ազատ տեղաշարժը:

Էկոակտիվիստներ ներկայացող մի խումբ ադրբեջանցիներ արդեն12-րդ օրն է արգելափակում են Հայաստանը և Արցախը կապող միակ ճանապարհը: