Գլխավոր դատախազությունը հայտարարել էր, որ Ս.Դ.-ն, 1999-2016 թվականների ընթացքում, զբաղեցնելով Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ. Վանաձոր համայնքին պատճառել է էական վնաս, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք:
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 19-ի որոշմամբ, հաստատվել է Վանաձոր համայնքի ղեկավար Ս.Դ.-ի կողմից կատարված հանցավոր արարքը, և համաձայն դատական ակտի, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով՝ քրեական հետապնդումը դադարեցվել է, վարույթը կարճվել է։
Դատական ակտի օրինակը ստանալուց հետո, Լոռու մարզի դատախազության կողմից այն կուղարկվի Վանաձոր համայնքի ղեկավարին՝ վերը նշված հողատարածքը համայնքի հաշվեկշիռ վերադարձնելու ուղղությամբ իրավական գործընթաց սկսելու համար:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Ս.Դ.-ն, մասնավորեցման ոչ ենթակա 289.05845 հա հողամասերից, առանց լիազոր մարմնի համաձայնությունը ստանալու, առանձնացրել է 0.0085 հա մակերեսով հողամասը, դրա գործառնական նշանակությունը բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերից (փողոց-հրապարակ) փոխել է հասարակական կառուցապատման հողերի և տվել Վանաձոր քաղաքի Նժդեհի փողոց թիվ 30/1-1 փոստային հասցեն։ Այնուհետև, իր ստորագրությամբ վավերացրել է բովանդակությամբ ակնհայտ կեղծ փաստաթուղթ, իբր Վանաձոր քաղաքի Նժդեհի 30/1-1 հասցեի 0.0085 հա մակերեսով հողամասը չի դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին: Դրա հիման վրա՝ 2016 թվականի օգոստոսի 1-ին բնակավայրերում, ընդհանուր օգտագործման հող հանդիսացող նշված հողամասի նկատմամբ, Վանաձոր քաղաքի Գ.Նժդեհի 30/1-1 հասցեով գրանցվել է Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը: Այնուհետև, Ս.Դ.-ն ավագանու անդամներից թաքցնելով հողամասի գործառնական նշանակությունը, առանց լիազոր մարմնի համաձայնության, Վանաձոր համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացրել նաև Վանաձոր քաղաքի Գ.Նժդեհի 30/1-1 հասցեի հողամասն աճուրդով օտարելու մասին առաջարկությունը, որն ավագանու՝ 2016 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ հաստատվել է: Կայացված աճուրդով՝ մեկ քայլով հաղթող է ճանաչվել Ս.Վ.-ն: Աճուրդի վերաբերյալ նույն օրը կազմվել էհամապատասխան արձանագրություն, որի հիման վրա հողամասը 403 հազար 770 դրամով վաճառվել է Ս.Վ.-ին` Վանաձոր համայնքին զրկելով բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողատարածքն ըստ նշանակության օգտագործելու հնարավորությունից:
Տեղեկացնենք, որ Ս.Դ.-ի վերաբերյալ 2021 թվականի հոկտեմբերի 21-ին ևս կայացվել է նույնաբովանդակ դատական ակտ, որով վերջինս մեղավոր էր ճանաչվել համայնքապատկան հինգ տարբեր հողամասերի և շինությունների ապօրինի օտարման գործընթաց իրականացնելու համար։
Այդ դատական ակտը մարզի դատախազության կողմից ևս ուղարկվել է Վանաձորի համայնքապետարան. ապօրինի օտարված հողամասերն ու շինությունները համայնքի հաշվեկշիռ վերադարձնելու նպատակով ներկայացված հայցն ընդունվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քաղաքացիական գործերով դատարանի վարույթ, գտնվում է քննության փուլում։