«Մենք, իսկապես, կարողացանք անցկացնել լավ կազմակերպված և թափանցիկ ընտրություններ». Տարոն Մարգարյան

«Մենք, իսկապես, կարողացանք անցկացնել լավ կազմակերպված և թափանցիկ ընտրություններ». Տարոն Մարգարյան
«Մենք, իսկապես, կարողացանք անցկացնել լավ կազմակերպված և թափանցիկ ընտրություններ». Տարոն Մարգարյան

Երեւանի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Տարոն Մարգարյանը, ով կշարունակի պաշտոնավարել մայիսի 5-ին կայացած ավագանու ընտրություններում իշխանական կուսակցության տարած հաղթանակի շնորհիվ, շնորհակալություն է հայտնել երեւանցիներին: Գրառում կատարելով «Ֆեյսբուքի» իր անձնական էջում, նա գրել է, որ ընտրությունները թափանցիկ էին եւ  լավ էին կազմակերպված: Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ: 

«Սիրելի երևանցիներ,

Ուրախ եմ արձանագրել, որ Երևանի ավագանու ընտրությունները կայացան մրցակցային ու քաղաքակիրթ պայքարի մթնոլորտում: Մենք, իսկապես, կարողացանք անցկացնել լավ կազմակերպված և թափանցիկ ընտրություններ:

Եվ այդ առիթով նախ և առաջ ուզում եմ իմ շնորհակալությունը հայտնել երևանցիներին՝ ընտրությունների կարևորությունը գնահատելու և ընտրություններին մասնակցելու համար:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել իրենց վստահության քվեն մեզ տված բոլոր ընտրողներին՝ մեզ հավատալու համար:

Շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր նրանց, ովքեր քվեարկել են քաղաքական այլ ուժերի օգտին և, նրանց ևս վստահեցնում եմ, որ հաջորդ տարիների ընթացքում մեր ծրագրերի ու աշխատանքների արդյունքով կկարողանանք արդարացնել նաև նրանց սպասելիքները:

Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև մեր քաղաքական մրցակիցներին, ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական ուժերին՝ մրցակցություն ապահովելու համար:

Ես շնորհակալ եմ մեր թիմակիցներից ու համոզված եմ, որ այս թիմով, որն իր մեջ մեծ ներուժ և կամք ունի, առաջիկա չորս տարիների ընթացքում կկարողանանք մեր առջև դրված բոլոր խնդիրները լուծել և կյանքի կոչել ներկայացված ծրագրերը:

Շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր լրագրողներին, ովքեր աշխատեցին ողջ քարոզարշավի ընթացքում և համակողմանի լուսաբանեցին մեր հանդիպումներն ու ներկայացվող ծրագրերը:

Շնորհակալություն եմ հայտնում նաև իրավապահ մարմիններին, ոստիկաններին, ովքեր կարողացան ապահովել քարոզարշավի ու բուն ընտրական գործընթացի ապահով ու խաղաղ ընթացքը:

Սիրելի երևանցիներ, ես համոզված եմ, որ այսօրվա գրանցված հաջողությունը կարողացել ենք ամրագրել համատեղ ուժերով և նույն ոգով էլ կշարունակենք աշխատել ավելի լավ Երևան ունենալու համար»:

Չնայած ընտրությունների ողջ օրն հնչող ահազանգերին` սպառնալիքների, ընտրակաշառքի բաժանման, կրկնաքվեարկության եւ այլ դեպքերի մասին, Երեւանի ավագանու ընտրություններում, ըստ պաշտոնական տվյալների,  ձայների  55,86  տոկոսով հաղթանակ է տարել իշխող ՀՀԿ-ն, ինչը նշանակում է, որ  կուսակցության համամասնական ցուցակը գլավորող գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը կրկին կզբաղեցնի այդ պաշտոնը:

ԿԸՀ տվյալների համաձայն, ՀՀԿ-ին ստացած ձայներով հաջորդում է ԲՀԿ-ն, երրորդը «Բարև Երևան» դաշինքն է: Նվազագույն շեմը չհաղթահարած ՕԵԿ-ը, ընդդիմադիր ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն տեղ չեն ունենա քաղաքի իշխանություններում:

© Medialab.am