Ուկրաինայի ԶՈՒ հարվածից ՌԴ զինծառայողների զոհերի թիվը հասել է 89-ի. հարվածի պատճառ է դարձել բջջային հեռախոսների զանգվածային օգտագործումը

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Մակեևկա բնակավայրին Ուկրաինայի զինված ուժերի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի զինված ուժերի ռազմաքաղաքական գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Սևրյուկովի հայտարարությունը:

Նա հիշեցրել է, որ հունվարի 1-ին, ժամը 00:01 րոպեին Ուկրաինայի զինված ուժերը ամերիկյան HIMARS համակարգերից հարված են հասցրել Մակեևկայում ՌԴ զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի ժամանակավոր տեղակայման վայրին:

«Դժբախտաբար, երկաթբետոնե կոնստրուկցիաների փլատակների մաքրման ընթացքում մեր ընկերների շրջանում զոհերի թիվը հասել է 89-ի», – ասել է Սևրյուկովը:

Ավելի վաղ հաղորդվել էր 63 զոհի մասին:

Սերգեյ Սևրյուկովը խոսել է նաև տեղի ունեցածի պատճառների մասին: Ըստ նրա՝ Ուկրաինայի ԶՈւ-ն կարողացել է ստանալ զինվորականների կոորդինատները, քանի որ չնայած արգելքին՝ ռուսաստանցի զինվորականները միացրել և զանգվածային կերպով օգտագործել են բջջային հեռախոսները:

Ըստ Սևրյուկովի՝ պատասխան կրակի միջոցով ոչնչացվել է համազարկային կրակի ռեակտիվ համակարգի արձակման կայանքը, որից ուկրաինական կողմը հարվածել էր Մակեևկային: Նա հավելել է, որ ոչնչացվել է ևս 4 HIMARS համակարգ, ինչպես նաև ավելի քան 200 ուկրաինացի զինվորական:

Սևրյուկովն ընդգծել է, որ պատասխանատվության կենթարկվեն բոլոր պաշտոնատար անձինք, ովքեր թույլ են տվել ՌԴ զինվորականների ժամանակավոր տեղակայման վայրին հարվածը, նաև ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումներն ապագայում նման միջադեպերը կանխելու համար: