Արարատ Միրզոյանը Սամանթա Փաուերի հետ քննարկել է Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ահագնացող հումանիտար վիճակը

Հունվարի 6-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կառավարիչ Սամանթա Փաուերի հեռախոսազրույցը:

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն ԱՄՆ ՄԶԳ կառավարչին է ներկայացրել դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհի` Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ահագնացող հումանիտար իրավիճակը:

Նախարար Միրզոյանը շեշտել է,որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղում 120 հազար արցախահայությանն էթնիկ զտմանը ենթարկելուն:

Հեռախոսազրույցի ընթացքում ադմինիստրատոր Փաուերը վերահաստատել է ԱՄՆ ՄԶԳ դիրքորոշումն առ այն,որ ամբողջական առևտրային հասանելիությունը կարևորագույն դեր ունի մարդասիրական ճգնաժամի կանխման համար և դիվանագիտական լուծումը առանցքային է առաջին անհրաժեշտության պարագաների և սննդի ներմուծման համար:

ԱՄՆ ՄԶԳ-ն կոչ է անում ջանքեր գործադրել ընդհանուր համաձայնության ուղղությամբ,ինչը թույլ կտա կայուն խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև:

ԱՄՆ ՄԶԳ-ն նաև կշարունակի աջակցություն տրամադրել Հայաստանի ժողովրդավարական կառույցներին: