Արցախի գլխավոր դատախազը հանդիպել է ադրբեջանցիների կողմից հոգեբանական հարձակման ենթարկված երեխաների հետ

ԱՀ գլխավոր դատախազը հանդիպել է սույն թվականի հունվարի 17-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ-ից Արցախ տեղափոխված՝ ճանապարհի արգելափակված հատվածում Ադրբեջանի քաղաքացիների կողմից հոգեբանական բռնության ենթարկված երեխաներին, նրանց ծնողներին և ուղեկցող ուսուցչուհի Աիդա Գյանջումյանին:

Ընդամենը րոպեների ընթացքում ձևավորված անկեղծ մթնոլորտում երեխաները ներկայացրել են ադրբեջանական հերթական վայրագության մանրամասներն ու իրենց ապրումները:

Գլխավոր դատախազը իր երախտիքն է հայտնել երեխաներին ցուցաբերած խիզախության, հաստատակամության և ամեն գնով հայրենիք վերադառնալու վճռականության համար, ընդգծելով, որ հպարտանում է նրանց քաջությամբ ու դաստիարակվածությամբ:

«Այն, որ Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունը հիմնված է մոլի հայատյացության վրա, անառարկելի ու անվիճելի է: Դեռահաս տարիքում գտնվող երեխաներին գորգոռոցներով ու հարձակողական բնույթի գործողություններով ահաբեկելը և ճնշելը դրա հերթական դրսևորումներից է, որը կոչված է ապացուցելու, որ Ադրբեջանը իր նպատակներին հասնելու համար ունակ է ոտնձգելու նույնիսկ երեխաների դեմ»,- հանդիպման ժամանակ նշել է գլխավոր դատախազը:

Վերջում գլխավոր դատախազը բոլորից ներողություն է խնդրել այն բանի համար, որ Արցախի Հանրապետությունը չի կարողացել կանխել և նրանց զերծ պահել այդօրինակ վայրագությունից ու վտանգից: