Ուժային կառույցներում ու քաղաքացիական ենթակառուցվածքներում խստագույնս պետք է պահպանվեն անվտանգության բոլոր կանոնները. Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Պաշտպանության նախարարության N զորամասում տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների ընտանիքներին:

«Սիրելի հայրենակիցներ,

Սրտի մեծ ցավով տեղեկացա Պաշտպանության նախարարության N զորամասում տեղի ունեցած ողբերգական հրդեհի մասին, որի զոհ են դարձել 15 զինծառայող, կան վիրավորներ:

Ցավակցություններս եմ հղում և վշտակցում մահացած զինծառայողների ծնողներին ու հարազատներին, վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում:

Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքն ու առողջությունն անգին է, և ուժային կառույցներում ու քաղաքացիական ենթակառուցվածքներում անվիճարկելիորեն և խստագույնս պետք է պահպանվեն անվտանգության բոլոր կանոններն այսօրինակ պատահարներն ի սպառ բացառելու համար:

Մեկ անգամ ևս խորին ցավակցություններս եմ հայտնում մահացածների հարազատներին և կիսում ծանր կորստյան վիշտը»,- նշել է նա: