«Ժամանցի վայրեր չպատվաստված անձանց թույլ չտալու մասին ԱՆ նախագիծը շատ արդյունավետ ճանապարհ է»․ Արտաշես Թադևոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է հանրային առողջության մասնագետ Արտաշես Թադևոսյանը

– Պարո՛ն Թադևոսյան, առողջապահության նախարարությունը նախագիծ է մշակում, որով ժամանցի վայրեր, ռեստորաններ մուտքի համար քաղաքացիները պետք է պարտադիր պատվաստման կամ թեստավորման թուղթ ներկայացնեն։ Ինչպե՞ս եք գնահատում նախարարության այս քայլը։

– Ուշացած նախագիծ է, վաղուց պետք է արվեր, որպեսզի պատվաստման գործընթացի տեմպերն այլ ընթացք ստանային։ Անհրաժեշտ նախագիծ է, բայց խիստ կասկածում եմ դրա վերահսկողությանը, եթե կարողանան կազմակերպել, վերահսկել, ապա շատ արդյունավետ ճանապարհ է միանգամից խթանելու պատվաստման գործընթացը։

– Նկատի ունենալով համավարակի ամենօրյա ցուցանիշները՝ ինչպե՞ս եք գնահատում դրա դեմ տարվող պայքարը պատկան մարմինների կողմից։

– Շատ վատ պայքար է տարվում, կարելի է ասել՝ համարյա չի տարվում, ընդհանրապես չեմ տեսնում համակարգված պայքար։ Պայքարը միայն պատժամիջոցները չեն, դա նաև պայմաններ ստեղծելն է, որ մարդիկ հետևեն կանոններին, գնան պատվաստման։ Ինչո՞ւ մարդիկ ինքնակամ չեն գնում պատվաստման, անկեղծ ասած, չեմ կարող ասել, որովհետև ես այս մարդկանց չեմ հասկանում։

Չեմ հասկանում նաև, թե ինչո՛ւ է ագրեսիայի հասնում այդ հակաքովիդնիկների վարքագիծը, բայց սա միայն մեր երկրում չէ, ամբողջ աշխարհում է այս խնդիրը, ուղղակի, ի տարբերություն մեզ, մյուս երկրներն ու ժողովուրդներն ավելի կազմակերպված են, ավելի լսող։ Եվրոպայում էլ է գործընթացը դժվար, այնտեղ էլ է այդ հակաքարոզչությունն ագրեսիվ ու շատ ուժեղ, բայց այնտեղ կա ներքին կարգապահության զգացումը, ինչը չկա մեզ մոտ։

– Պարո՛ն Թադևոսյան, վերահսկողության նկատմամբ վստահության պակաս նկատո՞ւմ եք, ի սկզբանե՞ էր Հայաստանում համավարակի դեմ տարվող պայքարի վերահսկողությունը թերի։

– Առաջին լոքդաունի ժամանակ, գուցե առաջին մեկ շաբաթը, ինչ-որ ձևով ոստիկանները հսկում էին, իսկ այսօր ընդհանրապես վերահսկողություն չկա։

– Եթե քովիդի նման ցուցանիշները պահպանվեն, լոքդաունի անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։

– Եթե լոքդաունը պետք է արվի այնպես, ինչպես հիմա «վերահսկողությունն» է, անիմաստ է, միայն տնտեսական վնասներ կունենանք։ Ուղղակի պետք էր շատ ավելի արագ ու արդյունավետ անցկացնել այդ կանխարգելիչ միջոցառումները, առաջին հերթին՝ պատվաստումը, որպեսզի մարդիկ մնային, այսպես ասած, տոնուսի մեջ։

Ականազերծողներին երկար չեն թողնում նույն գործին, որովհետև նրանց զգոնությունը, վախի գործոնը բթանում են։

– Նկատի ունեք՝ հասարակության մոտ համավարակի հանդեպ ունեցած վախն այժմ բթացա՞ծ է։

– Կարծում եմ՝ ոմանց մոտ դա հենց ամենասկզբում է եղել: Շատ եմ ցավում, երբ տեսնում եմ թեմային առնչվող մեկնաբանություններն ու այս ցուցանիշները, որովհետև սա խելամիտ ազգին բնորոշ վարվելակերպ չէ, իսկ այժմ, այո՛, գումարած դրան, արդեն հոգնել են ամեն ինչից ու մտածում են՝ դե լավ, ինչ ուզում է լինի։

– Մեկնաբանությունների մասին հիշեցիք, ինչո՞վ եք պայմանավորում, որ մարդիկ մասնագետների ասածն անտեսում են, փոխարենն առաջնորդվում դավադրապաշտական տեսություններով։

– Երևի այդ պահին դավադրական տեսություններն իրենց ավելի հարմար են, բացի այդ էլ, մեր ազգի մեջ տարածված բան կա, չէ՞, ասում է՝ ինչի, ես քո չա՞փ չեմ հասկանում, որ դու էլ ինձ բան ես բացատրում, ինչը սարսափելի է։

Մենք պետք է կարողանայինք ունենալ հոգեբաններ, փիառ մասնագետներ, որոնց ի սկզբանե պետք է ընդգրկեին այս գործընթացում։ Կա սոցիալական մարքեթինգ հասկացություն, որը մեզ մոտ վաղուց մոռացված է։

Պետք է կարողանային շատ ճիշտ կազմակերպել այդ քարոզարշավը, որպեսզի մարդկանց շահագրգռեին, հասկացնեին, խրախուսեին ներգրավվել համավարակի դեմ տարվող պայքարում։

– Պարո՛ն Թադևոսյան, եթե ի սկզբանե վերահսկման աշխատանքները պատշաճ իրականացվեին, նման ծանր պատկեր չէի՞նք ունենա։

– Իհարկե՛, նման աշխատանքները մեկ շաբաթ չեն անում, այնուհետև մոռանում դրա մասին, դա ամենօրյա աշխատանք է։ Բոլոր ոլորտներում պետք է տարվի այդ ամենօրյա աշխատանքը, որպեսզի պատկան մարմինների նկատմամբ վստահություն ձեռք բերվի։ Ո՞ւմ են վստահում քաղաքացիները, ոչ մեկին, ինչ ուզում են թող ասեն։

– Այսինքն՝ համապատասխան մարմիններն իրենց աշխատանքո՞վ են ստեղծել այս անվստահության մթնոլորտը։

– Այո՛, այո՛։ Ընդունեցին օրենք, որը հոկտեմբերի 1-ից պետք է ուժի մեջ մտներ, հետո հետաձգեցին 14 օրով, դա ի՞նչ հիմարություն է։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am