Փաստաբաններին ոստիկանության բաժնում ծեծի դեպքի վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմի թեժ գծին ահազանգ չի ներկայացվել․ պարզաբանում

Այսօր ՀՀ փաստաբանների պալատում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշվել է, որ փաստաբաններին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ ահազանգ է ներկայացվել ՄԻՊ աշխատակազմ, սակայն հեռախոսազանգերը մնացել են անպատասխան։ Այս առնչությամբ ՄԻՊ հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանում է ներկայացրել, որը ներկայացնում ենք ստորև.

«Նախ՝ անհրաժեշտ ենք համարում նշել, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտապես աշխատում է 24/7 ռեժիմով, Պաշտպանի աշխատակազմում գործում է շուրջօրյա արագ արձագանքման թեժ գծի հեռախոսահամար, որին, ի դեպ, բազմաթիվ զանգեր են ստացվում հենց մասնագիտական գործունեություն իրականացնող փաստաբանների կողմից։

Ներկայացված ահազանգերով Պաշտպանի հաստատության իրավասության շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ, այդ թվում իրականացվում են արագ արձագանքման այցեր։ ՄԻՊ աշխատակազմում իրականացված ուսումնասիրությունը վկայում է, որ 2023 թվականի փետրվարի 9-ին ՄԻՊ աշխատակազմի թեժ գծի հեռախոսահամարին վկայակոչված դեպքի վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացվել։ Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ փաստաբանի կողմից ՄԻՊ աշխատակազմի ընդունարանի քաղաքային հեռախոսահամարին ոչ աշխատանքային ժամին իրականացված զանգն անպատասխան մնալը չի կարող որևէ կերպ գնահատվել Պաշտպանի հաստատությանը դիմելու կամ աշխատակազմի կողմից անգործություն դրսևորելու միջոց՝ դրանով իսկ ստվերելով Պաշտպանի հաստատության գործունեությունն ու հեղինակությունը։

Ավելին՝ հանրահայտ է, որ Պաշտպանի աշխատակազմում գործում է շուրջօրյա 116 թեժ գծի հեռախոսահամարը և այդ հեռախոսահամարի միջոցով է, որ անձինք, այդ թվում՝ փաստաբանները, ոչ աշխատանքային ժամերին կարողանում են դիմել Պաշտպանի հաստատությանը և ստանալ աջակցություն։

Ուսումնասիրությունը ևս վկայում է, որ փաստաբանի կողմից զանգահարվել է Պաշտպանի աշխատակազմի ընդունարանի հեռախոսահամարին՝ նշված օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում, հետևաբար ոչ աշխատանքային ժամով պայմանավորված՝ տվյալ հեռախոսահամարին կատարված զանգը չէր կարող սպասարկվել, իսկ փաստաբանի կողմից պատշաճ հեռախոսահամարին ահազանգը չներկայացնելը դիտարկվել որպես աշխատակազմի անգործություն»:

Նշենք, որ դեպքի կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ։

Ավելի վաղ ՔԿ-ն պարզաբանում էր տարածել ոստիկանների և փաստաբանների միջադեպի վերաբերյալ:

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի (Դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը) 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, ինչպես նաև 297-րդ հոդվածի (Խուլիգանությունը) 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Երկու փաստաբանները՝ Մարզպետ Ավագյանն ու Էմանուել Անանյանը, ճանաչվել են տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։