Երևանի ավագանին արտոնություններ է սահմանել Հայաստանի և Արցախի պաշտպանության ժամանակ զոհվածների ու պատերազմների մասնակից մի շարք այլ խմբերի համար

Երևանի ավագանին այս տարվա առաջին նիստում որոշել է անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ տրամադրել Արցախի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ ստացած վնասվածքներից հաջորդող տարիների ընթացքում մահացածների ընտանիքների անդամներին, Արցախյան և Հայաստանի Հանրապետության պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամներին՝ Երևանում սեփականության իրավունքով պատկանող բնակելի նշանակության շինության և փոխադրամիջոցի մասով:Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

«Արտոնությունը տրամադրվել է 1739 քաղաքացու, որից 532-ը՝ Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի Հանրապետության պատերազմների 1-ին և 2-րդ խմբի զինհաշմանդամներ, 6-ը՝ գերեվարված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքի անդամներ, 1202-ը՝ զոհվածների ընտանիքների անդամներ: Նշված անձինք ազատվել են 2021-2022 թվականների համար հաշվարկված հարկային պարտավորությունների և տույժի վճարումից՝ 9,531,611.0 (ինը միլիոն հինգ հարյուր երեսունմեկ հազար վեց հարյուր տասնմեկ) ՀՀ դրամի չափով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Երևան մայթերի շուրջ 40%-ն այսուհետ  ազատ կլինի հետիոտնի համար. Երևանի ավագանին սահմանել է բացօթյա սրճարանների կազմակերպմանը վերաբերող մի շարք պահանջներ, որոնք հստակ նախատեսում են մայթերի օգտագործման առավելագույն չափերը, օգտագործվող նյութերն ու կիրառվող գույները։ Բացի այդ, բացօթյա սրճարանների թույլտվություններն այսուհետ տրվելու են ոչ միայն ամառային (մայիսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը), այլև ձմեռային սեզոնի համար՝ (նոյեմբերի 1-ից մինչև ապրիլի 30-ը) ներառյալ։ 

Ավագանու մեկ այլ որոշմամբ վարչական շրջանների ղեկավարների կողմից տրվող հանրային սննդի, ալկոհոլի և ծխախոտի վաճառքի թույլտվությունների դիմումներն այսուհետ կընդունվեն բացառապես էլեկտրոնային եղանակով dimum.yerevan.am կայքի միջոցով։ Առևտրի և ծառայությունների ոլորտում Երևանի քաղաքապետարանի կողմից տրվող թույլտվությունների թվայնացման գործընթացը լինելու է շարունակական։

Նշվում է, որ համայնքային բյուջեից շուրջ 6 մլրդ 102 մլն դրամ կհատկացվի համայնքային ավտոբուսային և տրոլեյբուսային հավաքակայանները նոր շարժակազմով համալրելու նպատակով: Ավագանու որոշմամբ՝ գումարը կուղղվի «Zhong Tong» մակնիշի 150 ավտոբուսի և 15 տրոլեյբուսի ձեռքբերմանը: 

Երևան քաղաքի Արաբկիրի 35-րդ փողոցն այսուհետ կկրի հայ դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի Սվետլանա Գրիգորյանի անունը, Նորքի 7-րդ փողոցն անվանակոչվել է հայ երգչուհի, Կոմիտասի, հայ հոգևոր երգերի ու տաղերի կատարող Լուսինե Զաքարյանի, իսկ Արաբկիրի 33-րդ փողոցն էլ՝ հայ դրամատուրգ Ժիրայր Անանյանի անուններով: 

Երևանի ավագանու հաջորդ հերթական նիստը կգումարվի մարտի 15-ին: