Պարեկների նկատմամբ սպառնալիքներ հնչեցնելու համար Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել

ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկներից ստացված հաղորդման առթիվ մարտի 12-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը) 3-րդ մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված քննչական և վարութային գործողությունների, այդ թվում նաև առգրավված՝ պարեկներին ամրակցված տեսախցիկների տեսագրությունների ուսումնասիրության արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ մարտի 12-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, Գևորգ Պետրոսյանը, չի ենթարկվել պաշտոնատար անձինք հանդիսացող՝ ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկների օրինական պահանջներին` այդ կերպ միջամտելով վերջիններիս ծառայողական գործունեությանը։

Մասնավորապես, ոստիկանության աշխատակիցներին փաստաթղթերի ստուգումից հրաժարվելուն, սթափության վիճակի զննություն չանցնելուն հարկադրելու նպատակով նա սպառնացել է պարեկի նկատմամբ գործադրել նրա առողջությանը վնաս պատճառելու նպատակ հետապնդող բռնություն, ապա, անտեսելով ավտոմեքենայից դուրս գալու՝ իրեն ուղղված պահանջները, վարել է մեքենան և հեռացել նշված վայրից։

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա վարույթն իրականացնող քննիչի կողմից հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել` Գ. Պետրոսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։

Միջնորդությունը բավարարվել է, և այսօր՝ մարտի 14-ին, վերջինիս ներկայացվել է մեղադրանք։

Գևորգ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։