Լոռու մարզում կոռուպցիոն քրեական գործերով 2019թ. առաջին կիսամյակում 35 անձ է դատապարտվել

Լոռու մարզում  կոռուպցիոն քրեական գործերով 2019թ. առաջին կիսամյակում 35 անձ է դատապարտվել
Լոռու մարզում կոռուպցիոն քրեական գործերով 2019թ. առաջին կիսամյակում 35 անձ է դատապարտվել

2019 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ Լոռու մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում գտնվել է նույն ժամանակահատվածում հարուցված կոռուպցիոն բնույթի 35 քրեական գործ:

Հատկանշական է, որ դրանցից 18-ը կամ 51 տոկոսը հարուցվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաղորդումների հիման վրա, 15-ը կամ 48 տոկոսը՝ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատավորի կողմից՝ իրենց լիազորություններն իրականացնելու արդյունքում, իսկ 2-ը՝ լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա: Այս տվյալները փաստում են, որ կոռուպցիայի դեմ պայքարում մարզի բնակչության նախաձեռնողականությունը, ինչպես նաև իրավապահ մարմինների հետևողականությունը շարունակում են մնալ բարձր մակարդակի վրա:

Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 12-ն արձանագրվել է կրթության, 8-ը՝  տեղական ինքնակառավարման, 4-ը՝ սոցիալական ապահովության, 3-ը՝ առողջապահության, 2-ական՝ քաղաքաշինության, պետական և հանրային գույքի տնօրինման, 1-ական՝ էներգետիկայի, բնապահպանության, ջրօգտագործման և այլ ոլորտներում։

Նույն ժամանակահատվածում քրեական հետապնդման մարմինների վարույթում քննվել են կոռուպցիոն բնույթի 77 քրեական գործ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 52-ի փոխարեն: Նշված 77 գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 29 անձ, այդ թվում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ԲՍՓ հանձնաժողովի նախագահ և անդամներ, «Տաշիր քաղաքի մշակույթի տուն», «Տաշիր քաղաքի թիվ 3 ՆՈւՀ»  ՀՈԱԿ-ների, «Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեններ, Տաշիրի, Վանաձորի համայնքապետարանների բաժնի պետ և մանագետ, Ստեփանավան, Սարչապետ, Տաշիր, Վանաձոր, Ձորամուտ համայնքների հիմնական կամ ավագ դպրոցների,  Վանաձոր համայնքի աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոցի տնօրեններ, Թումանյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության տնօրեն և մասնագետ, սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ, Մեծ Այրում, Շամլուղ համայնքների ղեկավարներ, ԲԷՑ «Հյուսիսային» մասնաճյուղի գլխավոր ճարտարագետ, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղի Փամբակի անտառպետության անտառապետ և անտառապահ և այլն։

Առավել շոշափելի արդյունքներ են արձանագրվել մեղադրական եզրակացությամբ գործերի ավարտման և դատարան ուղարկման, մեղադրական դատավճիռների կայացման առումով: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի 11 քրեական գործ՝ 35 անձի վերաբերյալ։ Ընդ որում՝ նույն ընթացքում դատարանում քննվել և ավարտվել է նշված բնույթի 11 գործ՝ 35 անձի վերաբերյալ, ինչը եռակի անգամ ավելի է 2018թ նույն ժամանակահատվածի համեմատ:

2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված և քննված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 957․4մլն ՀՀ դրամ, որից արդեն իսկ վերականգնվել է 196 մլն դրամը։ Համեմատության համար նշենք, որ 2018թ. առաջին կիսամյակում հարուցված քրեական գործերով բացահայտված՝ պետությանը պատճառված վնասը մոտ 5 անգամ ավելի քիչ է եղել՝ կազմելով 165մլն դրամ, որից այդ ընթացքում վերականգնվել էր 71.5մլն դրամը, այսինքն այս տարվա համեմատ 2.7 անգամ քիչ:

Նշված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքների վերացման նպատակով Լոռու մարզի դատախազի կողմից համապատասխան գերատեսչություններին և իրավասու պաշտոնատար անձանց, մասնավորապես  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, ՀՀ Լոռու մարզպետին, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենին, Վանաձոր և Տաշիր համայնքի ղեկավարին, «Հայփոստ» ՓԲԸ տնօրենին ներկայացվել է ընդհանուր առմամբ 13 միջնորդագիր:

Դրանց արդյունքում դադարեցվել են Լոռու մարզպետարանի Ստեփանավանի և Վանաձորի սոցիալական աջակցության տարածքային գործակալության 5 մասնագետների պաշտոնավարությունը, լուծվել է «ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Բացի այդ «նկատողություն» կամ «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժեր են կիրառվել «ՀՀ Լոռու մարզի Դեբեդի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ջիլիզայի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խոժոռնու անտառպետության անտառապետի, «Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի, փոխտնօրենի, տեղամասային բժշկի և կանանաց կոնսուլտացիայի մանկաբարձ-գինեկոլոգի, սոցիալական աջակցության Վանաձորի տարածքային բաժնի 4 մասնագետների նկատմամբ:

Բացի վերոնշյալը, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Վանաձոր և Շնող համայնքներին պատկանող 2 հողամասերի ապօրինի օտարման կոռուպցիոն երկու դեպքով նախաքննությամբ հաստատվել է հանցագործությունների կատարման փաստը, սակայն ոչ արդարացնող հիմքերով կայացվել են մի դեպքում քրեական հետապնդում չիրականացնելու, մյուս դեպքում՝ քրեական հետապնդումը դադարեցնելու և վարույթները կարճելու որոշումներ՝ մարզի դատախազը հանդես է եկել համայնքների իրավունքները վերականգնելու նախաձեռնություններով: Մասնավորապես՝ մի դեպքով Վանաձոր համայնքի ղեկավարին միջնորդագիր է հասցեագրվել ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ համապատասխան հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը վերացնելու պահանջով ՀՀ վարչական դատարան հայցադիմում ներկայացնելու նպատակով: Իսկ մյուս դեպքում մարզի դատախազության անմիջական նախաձեռնությամբ Շնող համայնքի ղեկավարը համայնքապատկան հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումները, առուվաճառքի պայամանագիրն անվավեր ճանաչելու պահանջով արդեն իսկ դիմել է  ՀՀ վարչական դատարան:

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։