Ծանրամարտի պատանեկան հավաքականը առաջին հորիզոնականն է զբաղեցրել աշխարհի առաջնությունում

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն Ալբանիայի Դյուրես քաղաքում անցկացված աշխարհի Մ17 տարեկանների առաջնությունում զբաղեցրել է թիմային առաջին հորիզոնականը: Հայ պատանի ծանրորդները 6 մեդալ են նվաճել երկամարտում:

Աշխարհի պատանեկան առաջնության հաղթող է ճանաչվել 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը, +102 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Վալերիկ Մովսիսյանը (89 կգ) և Աշոտ Մարգարյանը (96 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։

Աղջիկների պայքարում երկամարտում երրորդ լավագույն արդյունքը ցույց են տվել Աննա Ամրոյանը (76 կգ) և Էմմա Պողոսյանը (81 կգ):

Նշենք՝ Սերյոժա Բարսեղյանն առաջնության հաղթողի կոչմանն արժանացել է երկամարտի 275 կգ (128+147) արդյունքով՝ 5 կգ գերազանցելով երկրորդ տեղը զբաղեցրած մարզիկին: Պոկում վարժությունում Սերյոժա Բարսեղյանը 128 կգ արդյունքով նվաճել է փոքր ոսկե մեդալ, իսկ հրումում գրանցել է երրորդ արդյունքը` 175 կգ։

+102 կգ քաշային Գագիկ Մկրտչյանը երկամարտի 313 կգ արդյունքով (139+174) դարձել է արծաթե մեդալակիր: Պոկում վարժությունում Մկրտչյանը նվաճել է նաև փոքր բրոնզե, իսկ հրում վարժությունում՝ փոքր արծաթե մեդալ:

89 կգ քաշային Վալերիկ Մովսիսյանը երկամարտի 306 կգ (140+166) արդյունքով զբաղեցրել է երրորդ տեղը և նվաճել բրոնզե մեդալ: Պոկում վարժությունում հայ ծանրորդն արժանացել է փոքր բրոնզե մեդալին, իսկ հրում վարժությունում զբաղեցրել է չորրորդ տեղը:

96 կգ քաշային Աշոտ Մարգարյանը երկամարտի բրոնզե մեդալը նվաճել է 300 կգ արդյունքով (137+163): Պոկում և հրում վարժություններում ևս Մարգարյանն արժանացել է փոքր բրոնզե մեդալներին:

Նշենք՝ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 73 կգ քաշային Նարեկ Մկրտչյանը (73 կգ) փոքր բրոնզե մեդալ է նվաճել աշխարհի պատանեկան առաջնությունում: Մկրտչյանը երրորդ տեղն է գրավել հրում վարժությունում՝ գրանցած 158 կգ արդյունքով:

Աղջիկների պայքարում 76 կգ քաշային Աննա Ամրոյանը երկամարտի 204 կգ (88+116) արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր: Ամրոյանը պոկում վարժությունում 5-րդ տեղն է զբաղեցրել, իսկ հրում վարժությունում ցույց է տվել 4-րդ արդյունքը:

Էմմա Պողոսյանը 81 կգ քաշայինների պայքարում երկամարտի բրոնզե մեդալը նվաճել է 221 կգ արդյունքով (98+123): Նա փոքր բրոնզե մեդալներին է արժանացել նաև հրում և պոկում վարժություններում:

Նշենք՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է մարզիչներ Երվանդ Կիրակոսյանի և Հարություն Եղոյանի գլխավորությամբ:

Հարություն Եղոյանի խոսքով՝ ծանրորդների ցույց տված արդյունքները պատմական են և աննախադեպ. «Հայկական ծանրամարտի պատմության մեջ սա, իսկապես, նախադեպը չունեցող իրադարձություն է: Ներկայացված էինք գրեթե բոլոր քաշային կարգերում: Հատկանշական է, որ այսպիսի կազմով առաջին անգամ էինք նմանօրինակ խոշոր մրցաշարի մասնակցում: Սա մարզիչների ու մարզիկների տարիների քրտնաջան աշխատանքի արդյունքն է»: