ԿԳՄՍ նախարարը խոսել է ԱԺ նախագահի մասնակցությամբ միջադեպի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին՝ շեշտելով, որ նման միջադեպերը պատիվ չեն բերում որևէ երկրի:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Անդրեասյանը նման դիրքորոշում հայտնեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ես ընդհանրապես գտնում եմ, որ նման միջադեպերը պատիվ չեն բերում որևէ երկրի: Եվ մենք պետք է անենք հնարավորը, որ նման միջադեպեր առաջիկայում չկրկնվեն: Ես այստեղ տեսնում եմ նաև կրթական համակարգի մեծ դերը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներն այն ոլորտներն են, որոնք մեծ ներուժ ունեն հանրային համերաշխության: Նման միջադեպերը բազմաթիվ խնդիրներ են ի հայտ բերում, որոնք կան մեր երկրում հանրային համերաշխության և, ընդհանուր առմամբ, մեր վերաբերմունքի իմաստով: Եվ կարծում եմ, որ այդտեղ մեծ անելիք ունենք»,-ասաց Անդրեասյանը:

Անդրադառնալով հարցին՝ եթե իրեն էլ փողոցում անվանեին «դավաճան», ինչպե՞ս կարձագանքեր՝ Անդրեասյանն ասաց, որ իրավիճակները խիստ տարբեր են լինում, ամեն իրավիճակում մարդու արձագանքը կարող է տարբեր լինել:

«Ես կարծում եմ, որ պետական պաշտոնը և դիրքը ենթադրում է նաև որոշակի հանրային վարքագիծ: Հանդուրժողականություն պետք է մեզ բոլորիս: Եվ պետք է հանրային համերաշխություն: Նման միջադեպը ցույց է տալիս, թե ինչ խորքային խնդիրներ մենք ունենք: Եվ այդտեղ ես տեսնում եմ անելիք՝ հասարակության շրջանում, բոլորիս շրջանում, որովհետև ես նորմալ չեմ համարում, որ մենք մեկս մյուսին այդպես անվանենք կամ իրար այդպես վերաբերվենք: Ես կարծում եմ, որ պետք է հասնենք մի իրավիճակի, որտեղ կարող ենք բաց խոսել մեր անհամաձայնությունների մասին, միևնույն ժամանակ չանցնել վիրավորանքների»,-ասաց նախարարը:

Անդրադառնալով հարցին, թե ինքը՝ որպես իշխանության ներկայացուցիչ, երբևէ որևէ ընդդիմադիր գործչի կամ քաղաքացու կողմից հարձակման ենթարկվե՞լ է՝ Անդրեասյանն ասաց, որ թիրախավորում կա անընդհատ, կա մանիպուլյացիա: «Իմ նշանակման առաջին օրերից ես դա տեսնում եմ: Եվ դա շարունակաբար որոշ թեմաների շուրջ գնում է: Ցանկացածը, որը հետևում է լրահոսին, տեսնում է, թե ինչ աստիճանի թիրախավորվում են այն մարդիկ, որոնք այս պահին որոշակի դիրք են զբաղեցնում»,-նշեց նա: