Տեղ գյուղի հատվածում ստեղծված իրավիճակը մանրամասն քննության կարիք ունի․ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ մարտի 30-ից Տեղ գյուղի հատվածում ստեղծված իրավիճակը, որն առաջացել է այդ տարածքում հայ և ադրբեջանցի սահմանապահների տեղակայման գործընթացին զուգահեռ, մանրամասն քննության կարիք ունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն այս մասին ասաց Կառավարության նիստի մեկնարկին ունեցած ելույթում։

«Ինչ վերաբերվում է Տեղ գյուղի հատվածում մարտի 30-ից ստեղծված իրավիճակին, կարծում եմ իրադրությունը մանրամասն քննության կարիք ունի, այդ թվում՝ գնահատելու մեր գործողությունները պետական սահմանի խնդրո առարկա հատվածը ի սկզբանե պահպանության առնելու գործողությունների առումով»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նշված տեղամասում Ադրբեջանի գործողությունները սադրիչ որակեց և հայտարարեց, որ դրանք հակասում են 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայում և 2022 թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած հանդիպումների արդյունքներով ընդունված հայտարարություններին։