Մեր օդաչուները փորձարկեցին այն, ինչը թղթային սխեմաներով կար. Գնել Սանոսյանը՝ Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչքի մասին

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ապրիլի 26-ին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք իրականացրած L410 օդանավը:Այս մասին Սանոսյանը տեղեկացրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով՝ ընդգծելով, որ դա թիմային աշխատանքի արդյունք է:

«Այս թռիչքը բավական շատ կարևորում ենք։ Այն տեխնիկական, փորձնական թռիչք էր։ Մի քանի մոտեցումներով, մի քանի վայրէջքներով և վերելքներով մեր օդաչուները փորձարկեցին այն, ինչը թղթային սխեմաներով կար: Եվ ի ուրախություն բոլորիս, կարծես ամեն ինչ հաջող ընթացավ, և այն պատկերացումները, որոնք թղթի վրա կային, դրանք փորձնական դաշտում կիրառվեցին և հաջողությամբ ընթացան: Սա թիմային աշխատանքի արդյունք էր, կարևոր էր շատ, և սրան կհաջորդի արդեն քննարկումներ, թե ինչ արդյունքներ ունենք, ինչ դիտարկումներ կան, ինչ վերլուծություններ է պետք անել մասնագիտական դաշտում, իսկ հեռանկարում, իհարկե, այս ամենը վերլուծելուց հետո՝ մեր նպատակը կանոնավոր չվերթներ կազմակերպելն է»,-գրել է նա:

Գնել Սանոսյանը նշել է, որ հեռանկարում պլաններ կան նաև Կապանը ոչ միայն Զվարթնոցի, այլև՝ այլ օդանավակայանների հետ կապել: