«Սյունիք» օդանավակայանի շինարարության, գույքի և ինքնաթիռի գնման համար ներդրվել է ավելի քան 10 մլրդ դրամ. ԶՊՄԿ

Երևան–Կապան–Երևան չվերթ կատարած ինքնաթիռը ձեռք է բերվել «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության միջոցներով` մոտավորապես 7 մլրդ դրամով։Այս մասին տեղեկանում ենք «Զանգեզուր պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության մամուլի ծառայությունից: Այն ներկայացնում ենք ստորև․

«Չվերթն իրականացվել է «Նովեյր» ավիաընկերության կողմից՝ L410 չեխական արտադրության ինքնաթիռով, որը պատկանում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին։

«Սյունիք» օդանավակայանի շինարարությունը, գույքի և ինքնաթիռի ձեռքբերումը, պահպանման ծախսերն իրականացվել են և այժմ իրականացվում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի միջոցներով:

Ավելի քան`                 

2,5 միլիարդ դրամ՝ օդանավակայանի, թռիչքուղու և այլ ենթակառուցվածքների կառուցման

300 միլիոն դրամ՝ գույքի ձեռքբերման, վերապատրաստման և օդանավակայանի այլ ծախսերի համար

7 միլիարդ դրամ՝ օդանավի ձեռքբերման և պահպանության ծախսերի համար։

Այսպիսով՝ ընդհանուր առմամբ օդանավակայանի շինարարության, գույքի և ինքնաթիռի ձեռքբերման համար ներդրվել է ավելի քան 10 միլիարդ դրամ՝ բացառապես Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տրամադրած միջոցներով։

Ապրիլի 26-ին առաջին անգամ իրականացված «Զվարթնոց»-«Սյունիք» չվերթը փորձնական էր։ Կանոնավոր չվերթերի հնարավորության մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի համապատասխան մարմինների կողմից»,- ասված է հաղորդագրության մեջ։