«Զգացի՞ք, որ հիմա Արցախն է ձեր անվտանգությունն ապահովում». Թևան Պողոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն, քաղաքական վերլուծաբան Թևան Պողոսյանը

– Պարո՛ն Պողոսյան, Արցախում ստեղծված իրադրությունն ինչպե՞ս եք գնահատում։ Հայաստանի իշխանության կողմից տարվող աշխատանքը խնդրի կարգավորման մասով արդյունավետ համարո՞ւմ եք։

– Ստեղծված իրավիճակը շատ ծանր է, նույնիսկ գազամատակարարման վերականգնումն Արցախում ժամանակավոր քայլ կարելի է համարել, քանի որ այդ փականը մեր թշնամիների ձեռքին է։ Չգիտեմ՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի քննարկումից հետո բաց կմնա՞, թե՞ չէ։ Ադրբեջանը ձևական ինչ-որ քայլ արեց, իսկ իրականում վիճակը շատ ծանր է, ու դա հենց Հայաստանի իշխանությունների անցած երկու տարվա վարած քաղաքականության հետևանքն է, որ այս տեսակի սցենարները հաշվի չեն առել ու չեն պատրաստվել։

– Իսկ ելքը ո՞րն է լինելու։

– Այսպես թե այնպես, պատերազմ է լինելու, ու պետք է պատրաստվել պատերազմին։

Հայաստանի իշխանությունը պատրաստվո՞ւմ է։

– Ո՛չ, չի պատրաստվում, ավելի շատ այլ բաներով է զբաղված։ Պատրաստվելու պարագայում անցած ամբողջ երկու տարում կպատրաստեր ազգին, ոչ թե իրար մեջ պառակտումներ կմտցնեինք։ Միասնությունն է, որ երկրում իրական պատրաստվածության կբերի, բայց քանի որ ազգային միասնություն այսօր չունենք, ուրեմն ոչ մի բանին էլ չենք պատրաստվում։ Նույն 91-94 թվականների մեր հաղթանակի գրավականը ազգային միասնությունն էր։ Պետք է մտածել, թե հայերին ոնց պատրաստել ազգային միասնության։

– Պարո՛ն Պողոսյան, ՄԱԿ-ի գրասենյակի, տարբեր դեսպանատների մոտ անցկացվող ակցիաները որքանո՞վ կարող են արդյունավետ լինել։

– Արդյունքը ինքներդ կգնահատեք։ Միջազգային հանրությունը կոչ է անում, այդ կոչից բան փոխվո՞ւմ է իրական հողի վրա, չի փոխվում, չէ՞։ Եթե այսօր որևէ երկիր, տեսնելով ու լավ իմանալով կատարվողը, որևէ սանկցիա չի կիրառել, ի՞նչ արդյունք։ Զարմանում եմ, որ հարցն այդպես եք կառուցում, որովհետև դուք էլ եք ՀՀ քաղաքացի, այստեղ եք ապրում, դուք չե՞ք տեսնում՝ արդյունքն ինչ է։ Արդյունքը հողի վրա պետք է գնահատել․ հենց ճանապարհը բացվի, հենց Արցախի Հանրապետությունը ճանաչվի՝ կասենք, տեսաք՝ արդյունք տվեց։ Մինչ այդ ինքներդ գնահատեք՝ բան փոխվե՞լ է, 120 հազար մարդ այսօր բլոկադայից դո՞ւրս է եկել։

Այդ անարդյունավետությունն ինչի՞ հետևանք է։

– Անարդյունավետ կառավարման ու գործողությունների, որովհետև երբ դուք ամեն ինչ անում եք, արդյունքն էլ դրական է լինում։ Դա պարզ տրամաբանություն է, իսկ պարզ տրամաբանության սկիզբը դրված է դեռ վաղուց․ ցանկացած պարտված իշխանություն, երբ շարունակում է մնալ ու կառավարել, նորից պարտություններ է բերում։ Այս իշխանությունը գիտակցված պետք է հեռանար, որ խաղի կանոնները փոխվեին, որ պարտություն չկրեինք։

– Այսինքն՝ քանի կա այս իշխանությունը, մենք պարտությո՞ւն ենք կրելու։

– Այո՛, պարտված իշխանությունը նոր պարտություն է բերում, ինչն էլ այս երկու տարին ցույց է տալիս։ Նոյեմբերի 9-ից հետո որևէ հաջողություն ունեցե՞լ ենք, 2021-ի մայիսին ՀՀ սուվերեն տարածք մտավ թշնամին, սեպտեմբերին նորից մտավ։ Իսկ այս պարագայում մեր դաշնակիցներն էլ են երես թեքում մեզանից, գործընկերներն էլ են անարդյունավետ աշխատում, իսկ թշնամին միայն հաջողություններ է գրանցում, որովհետև կարողանում է օգտվել իրավիճակից։

Մի ազգ, որ ասում է՝ ես ճանաչում եմ հայերին թշնամի, մի ազգ, որը սպանել է քո 5 հազար տղաների, օկուպացրել է քո հողերը ու ասում է՝ ես ուզում եմ, որ Հայաստանում այս իշխանությունը մնա, ուրեմն այդ պետության շահերից է, չէ՞, բխում այս իշխանությունների մնալը։

Հիմա ինձ կբացատրե՞ք, թե ինչո՛ւ են Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունները ուզում, որ այս իշխանությունները մնան։ Առաջին գիտակցումը պետք է մեր իշխանության մոտ լինի, որ եթե թշնամին է ուզում, որ իրենք մնան, հենց դրա պատճառով պետք է գնան, որ թշնամու ցանկությունը չկատարվի։

– Այդ գիտակցումը չկա՞, թե՞ կա, ուղղակի չեն գնում։

– Եթե գիտակցումը կա, ու չեն գնում, ուրեմն տակն այլ նպատակ կա։ Եթե չեն գիտակցում՝ էլի վատ է, երկու պարագայում էլ վատ է։

– Իսկ հանրության մոտեցումները, դիրքորոշումը կատարվողի վերաբերյալ ինչպե՞ս եք ընդունում։

– Հանրությունն էլ ոնց որ թե 2021 թվականի հունիսի 20-ին իր գնահատականը տվել է, 890 հազարը ընդհանրապես որոշել են Հայաստանի ճակատագրով չզբաղվել։ Հանրության գնահատականի մասով ի՞նչ ասեմ, նայում ես՝ մի հատ տոնածառի լույսի համար ինչքան մարդ է հավաքվում, եթե կամավոր են գնացել՝ ավելի վատ, բայց Արցախը, մեր հայրենակիցները բլոկադայի մեջ են, Արցախի կառավարության ներկայացուցիչները ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, էլ ուրիշ ճար չունեն, գնացել են այդ գրասենյակի դիմաց, այն երկրում, որն իրենց անվտանգության երաշխավորն է։ Ոչ թե այս երկրի ԱԳՆ-ն է կանչում ՄԱԿ-ի ներկայացուցիչներին, հանդիպում կազմակերպի, այլ ստիպված իրենց հայրենակիցներն են գնացել ՄԱԿ-ի դիմաց։

Հիմա Արտակ Բեգլարյանը ՄԱԿ-ի շենքի դիմաց նստած է, քանի՞ հոգի է գնացել, կանգնել կողքը, ձեռքը սեղմել։ Արտակ Բեգլարյանն էլ հո չի եկել Հայաստանում պաշտոն ստանալու համար, որ ասեն՝ սրան ուզում ենք, սրան չենք ուզում։ Պարզ օրինակ եմ ձեզ ասում, հանրության մասին եք հարցնում։ Արտակ Բեգլարյանն էլ ո՛չ Քոչարյանի, ո՛չ Սարգսյանի, ո՛չ Փաշինյանի թիմից է, ինչո՞ւ չեն գնում Արտակ Բեգլարյանի ձեռքը սեղմեն, կողքը կանգնեն։

Արցախի նախագահի երեկվա խոսքը լսե՞լ եք, ասում է՝ «Արցախի ժողովուրդն ընդունել է ֆիզիկական զրկանքները արժանապատվորեն կրելու որոշում՝ այդ կերպ չեզոքացնելով Մայր Հայաստանին զիջումներ պարտադրելու բոլոր հնարավոր փորձերը»։

Զգացի՞ք, որ հիմա Արցախն է ձեր անվտանգությունը ապահովում, այդ խոսքը ինչո՞ւ չեք մատի փաթաթան սարքած դիմում հասարակությանը, դուք էլ տեղեկատվական պատերազմի զինվորներ եք։ Օրինակ՝ ինչու այդ խոսքը չեք շրջանառում ու ասեք, որ այսօր այդ մարդիկ այնտեղ զրկանքներ են կրում, որ Հայաստանին լավ լինի։ Բա մենք այստեղ՝ Հայաստանում, տաք տեղը նստած ինչի՞ չենք գնում կառավարության այդ ներկայացուցիչների հետ կանգնենք, որ աշխարհն էլ տեսնի, թե դուրս են եկել ու այս մարդկանց կողքն են կանգնել։ Ո՞նց կարող ենք արհամարհել այս հարցը, սա հիմա արդեն ազգային հարց է, իշխանության հարց չէ։

Փաստացի այսօր այդ զրկանքները կրելով՝ մարդիկ պայքարում են, որ Հայաստանին լավ լինի, Հայաստանի վրա ճնշում չլինի, հիմա Մայր Հայաստանը գիտակցո՞ւմ է դա, եթե գիտակցեր՝ հենց այսօր խորհրդարանը նիստ կաներ, կասեր՝ ճանաչենք Արցախը, Արցախն է Հայաստանի անվտանգության երաշխավորը։

 Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am