Հայաստանը պետք է կողմնորոշվի իր ատոմային էներգետիկայի զարգացման ձևաչափի հարցում․ «Ռոսատոմ»-ի ղեկավար

Հայաստանն առաջիկայում պետք է որոշի իր ատոմային էներգետիկայի զարգացման ձևաչափը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը «Ռոսիա 24»-ին տված հարցազրույցում։

«Հայաստանը պետք է առավելագույնը մեկուկես-երկու տարվա ընթացքում որոշի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձևաչափը, Հայաստանը վաղուց ատոմային էներգետիկայի ակումբի անդամ է», – ասել է Լիխաչովը։

Հայաստանի ատոմակայանի գործունեության լիցենզիան ուժի մեջ է մինչև 2026 թվականը։ Հայաստանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ։ Այդ աշխատանքներին զուգահեռ կառավարությունը քայլեր է ձեռնարկում նաև Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկ կառուցելու ուղղությամբ։ Այդ հարցով բանակցություններ են ընթանում մի շարք երկրների հետ՝ հասկանալու համար, թե ինչ մոդելի էներգաբլոկ պետք է կառուցվի։