«Ծառուկյանի դիրքավորումն ունի տարբեր հիմքեր, գլխավորն այն է, որ նրանց շահը այս պահին համապատասխանում է այլ ուժերի շահերի հետ». քաղաքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը

– Պարո՛ն Ղևոնդյան, երեկ ԲՀԿ նիստին Գագիկ Ծառուկյանը վերահաստատել է՝ պահանջում են կառավարության հրաժարականը: 

Ընդհանրապես համավարակի այս օրերին նման պահանջով հանդես գալը որքանո՞վ է ճիշտ։ Ի՞նչ հաշվարկներով է Ծառուկյանն այս պահին իշխանության դեմ դուրս եկել։

– Ճիշտն ասած, ես այնքան էլ չեմ հավատում, որ նրանք միանշանակորեն դուրս են եկել իշխանության դեմ։ Որոշ նշաններ կան, որ ցույց են տալիս, որ ԲՀԿ-ն ժամանակին հետ կանգնեց իր մոտեցումից։ 

Օրինակ՝ այն, որ Ծառուկյանը հայտարարեց, որ հարյուր տոկոս ոչ թե բոլորին փոխելու իմաստով է ասել, այլ հարյուր տոկոս խնդիրների իմաստով է ասել։

Ինչ վերաբերում է, թե ինչու գնացին այս քայլին և թե ինչ հաշվարկներ են արել, ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է կորոնավիրուսի հետևանքով ձևավորված բարդ իրավիճակով, որի արդյունքում որոշ ուժեր հավանաբար կարծում են, որ իշխանությունն այժմ թուլացած է, և սա շատ հարմար առիթ է օգտվելու սեփական դիրքերի վերահաստատման համար։ 

Այնուամենայնիվ, իմ կարծիքով, այդ ուժերի հաշվարկը սխալ է հենց հիմքից, որովհետև այդ ուժերն առաջնորդվում են այն կանխավարկածով, որ Հայաստանում փոփոխություններն իրականացել և իրականանալու են դրսի ուժերի ազդեցության ներքո և հաշվի չեն առնում ներքին՝ ժողովրդի կողմից քաղաքական գործընթացներին մասնակցության գործոնը, ինչն ի վերջո նորից բերելու է նրանց ծրագրերի խափանման։

– Այսինքն՝ նրանք որևէ դեպքում չե՞ն կարող հաջողել։

– Ոչ թե որևէ դեպքում չեն կարող հաջողել, այլ ձևավորված քաղաքական իրավիճակը այս պահին երկրում այնպիսին է, որ նշված քաղաքական գործընթացները՝ իշխանությունը վերցնելու կամ վարչապետի հրաժարականը պահանջելու, չունեն իրական հիմքեր, և այդպիսի գործընթացներ ապրիորի չեն կարող տեղի ունենալ։ Ես կարծում եմ, որ այդ ուժերը դա հասկանում են։ 

Այնպես չէ, որ նրանք չեն հասկանում և մերկապարանոց նետվել են գրոհի։ Նրանց գործողությունները այլ՝ թաքնված ենթատեքստ են պարունակում, և այդ ենթատեքստի հիմնական իմաստն այն է, որ նրանք փորձում են ստուգել հասարակական որոշակի տրամադրություններ և տեսնել, թե ո՛ր ուղղությամբ կարող են սոցիալական կապիտալ հավաքելու և հետագայում այդ կապիտալը իրենց քաղաքական նկրտումների համար օգտագործելու քայլեր անել։ 

Իհարկե, այս ամենը, իմ տպավորությամբ, նրանք դիտարկում են միայն արտաքին ազդեցության լույսի ներքո, այսինքն՝ արտաքին ազդեցության լույսի հիմա վրա՝ ինչպես կարող են հասարակության մեջ հատվածայնություն մտցնել և ինչպես կարող են իրենց հատվածը փորձել մեծացնել այնքան, որ հնարավոր լինի այդ հատվածով և նաև արտաքին ուժերի ազդեցությամբ իշխանության համար պայքարում որոշակի հաջողություն ունենալ։

– Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Ծառուկյան, Վանեցյան՝ որքանո՞վ է իրատեսական այս բոլորի համախմբումը։

– Նրանց համախմբման հիմնական առանցքը ընդհանուր շահն է, իսկ հասարակության այդ հատվածի ընդհանուր շահը ներկա իշխանությունների հեռացումն է և, այսպիսով, իրենց թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, ֆինանսական հնարավորությունների պահպանումը։ 

Այս առանցքի շուրջ նրանք կարող են համախմբվել, թեև իրականում ունեն բավականին շատ ներքին հակասություններ, և այդ ներքին հակասությունները թույլ չեն տա, որ նրանք հանդես գան որպես միաձույլ մարմին։ 

Սակայն նրանք կարող են համախմբվել և ճնշում գործադրել իշխանությունների վրա որոշակի արդյունքների հասնելու հեռանկարով: Այլ հարց է՝ նրանք այդ արդյունքներին կհասնե՞ն, թե՞ չեն հասնի:

Ես նոր պարզաբանեցի, որ շատ քիչ է հավանականությունը, որ նրանք կկարողանան հասնել նման արդյունքի: Սակայն համախմբվել և կոնկրետ տվյալ ուղղությամբ հանդես գալ ընդհանուր ճակատով նրանք կարող են: 

– Վերջին շրջանում շատ ենք տեսնում տարբեր քաղաքական նոր նախաձեռնություններ: Ինչու են նրանք ընտրություններից 3 տարի առաջ ակտիվանում, արդեն փորձում են քաղաքական հա՞յտ ներկայացնել:

– Հաջորդ ընտրությունները տեղի են ունենալու 3,5 տարի հետո, իսկ դա բավական երկար ժամանակ է քաղաքական դաշտում դիրքավորվելու և սեփական տեղը ճշգրտելու և քաղաքական գործընթացներին մասնակցելու համար: 

Դա նշանակում է, որ ներկայումս պարարտ հող կա քաղաքական դաշտում գործունեություն ծավալելու համար: Կոնկրետ նախաձեռնությունների մասով ասեմ, որ քաղաքական դաշտում կա որոշակի վակուում, քանի որ այն ուժերը, որոնց մասին մենք այս ընթացքում խոսում ենք, իրականում չեն գրավում ընդդիմության տեղը, այլ իրենցից ներկայացնում են մարգինալացված որոշակի հատված: Իսկ առողջ ընդդիմություն՝ որպես այդպիսին, մենք այսօր չունենք: 

Դրա համար առողջ ընդդիմության տեղը զբաղեցնելու համար հայտ են ներկայացնում որոշակի տարբեր նախաձեռնություններ, որոնցից մեկն էլ մեր նախաձեռնությունն է: 

Մի հետաքրքիր առանձնահատկություն էլ երեկ մենք տեսանք, որ «Սասնա ծռերը», որը ազգային համաձայնության բևեռ է ձևավորել և կարծես թե պահանջում էր վարչապետի հրաժարականը, երեկ հրաժարվեց իր պահանջից: 

Հավանաբար իրենք էլ հասկացան, որ դրանով հարում են մարգինալացված ուժերին և չեն կարող քաղաքական դաշտում այլ դիրքավորում ունենալ, քան ունեն այդ մարգինալացված ուժերը, որոնք հաջողության հասնելու շատ քիչ հնարավորություն ունեն: 

Ստացվում է այնպես, որ «Սասնա ծռերը» նույնպես փորձում է ընդդիմության առումով որոշակի վերակենդանացման նշույլներ ցույց տալ: Կարծում եմ՝ դաշտում այլ խաղացողներ նույնպես կլինեն, որոնք կփորձեն գործողություններ իրականացնել այդ վակուումը կամ այդ վակուումի մի հատվածը որոշակիորեն իրենցով լցնելու համար:

– Իշխանությունն ասում է, որ Ծառուկյանի նման հայտարարության համար պատճառ հանդիսացան վերջին օրենսդրական նախաձեռնությունները, մասնավորապես, ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը: Կարո՞ղ էին արդյոք այդ նախաձեռնությունները նման հայտարարության հիմք հանդիսանալ, և արդյոք հնարավո՞ր է Ծառուկյանի նկատմամբ որոշակի իրավական գործընթացներ սկսվեն:

– Հնարավոր է, որ այդ օրենքը որոշակի ազդեցություն ունեցած լինի: Այդուհանդերձ, ես չեմ կարծում, որ միայն այդ օրենքի պատճառով է ԲՀԿ-ի ներկայիս դիրքավորումը: 

Ես արդեն նշեցի, որ այդ դիրքավորումն ունի տարբեր հիմքեր, և դրանցից գլխավորն այն է, որ նրանց շահը այս պահին համապատասխանում է այլ ուժերի շահերի հետ: Եվ այդ շահերի մեջ մտնում է հենց ձեր նշած տնտեսական, ֆինանսական շահը, որը կարող տուժել ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրառման հետևանքով: 

Մանե Հարությունյան
MediaLab.am