«Ո´չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել հանրահավաք

Մայիսի 9-ին, «Ո´չ Արցախի էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնությամբ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել  հանրահավաք:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այն  մեկնարկել է Տերունական աղոթքով և լռության րոպեով՝ ի հիշատակ Մեծ Հայրենականում և Արցախյան պատերազմներում նահատակվածների: 

Հանրահավաքում «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը»  շարժման նախաձեռնող խմբի անդամները վերահաստատել են իրենց պահանջներն՝  ուղղված համանախագահ երկրների ղեկավարներին ու  ՀՀ վարչապետին: 

«Արցախի Հանրապետության քաղաքացիները  նրանց ուշադրությունն են հրավիրում Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված հայտարարության դրույթների կոպտագույն խախտումների վրա: Ադրբեջանն իր գործողություններով իրականացնում է էթնիկ զտման քաղաքականություն, Արցախի ժողովրդին իր հայրենիքից զրկելու ցեղասպանական գործողություններ՝ շրջափակման մեջ պահելով 120 000 բնակչությանը: Մենք պահանջում ենք կիրառել բոլոր միջազգային մեխանիզմները՝ ապահովելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, ինչպես նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը»,- նշված է հայտարարության մեջ:

Ազատամարտիկ Կարմեն Ավետիսյանը, շնորհավորելով  Եռատոնի առթիվ,  նշել է, որ Արցախյան առաջին պատերազմում իրենց  սերունդը կատարել է այն, ինչը շատերին  անհնարին էր թվում:

«Հաղթանակել ենք, որովհետև միասնական ենք եղել: Այսօր էլ միասնության ու բռունցքվելու կարիք կա»,- ընդգծել է ազատամարտիկը:

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն իր խոսքում փաստել է, որ չնայած ամիսներ շարունակվող շրջափակմանը, արցախցին չի ընկճվում և լի է պայքարը շարունակելու վճռականությամբ:

«Ապրիլի 23-ին Ադրբեջանը խախտեց կարմիր գծերը՝ դնելով ստուգման անցակետ: Այդ կարմիր գծերի խախտումը, որպես արժանապատիվ մարդ, ստիպում  է պայքարել, որովհետև ուրիշ տարբերակ չկա: Ոչ ոք չպիտի սահմանափակի մեր ազատ մուտքն ու ելքը դեպի Հայաստան: Մենք 149 օր շրջափակման մեջ ենք, չունենք գազ, լույս, գիտեք Սարսանգի ջրամբարի վիճակը, բայց չենք ընկճվում: Այո, ծանր է վիճակը, բայց գիտենք մի բան՝ ոչ մի «ռեինտեգրացիայի» մասին խոսք չի կարող լինել: Մենք պաշտպանում ենք մեր տունը, քաղաքներն ու գյուղերը,  գերեզմանները, մեր հողի վրա ապրելու իրավունքը: Մենք չենք ուզում ոչ մեկի վրա հարձակվել, ուզում ենք հանգիստ, երջանիկ ապրել մեր հայրենիքում: Պատրաստ ենք բանակցությունների, բայց դրանք  չեն կարող լինել ատրճանակը գլխին դրած, այլ երկկողմանի հարգանքի պարագայում միայն»,-ասել է  Ռուբեն Վարդանյանը:

Հանրահավաքին ներկա էին նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, երկրորդ և երրորդ նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք: