«Մեր քաղաքում կորոնավիրուսի դեպքերն ահավոր շատացել են, քաղաքը հայտնվել է «կարմիր գոտում»». Ելենա Հարությունյանը՝ Ֆրանսիայի Թուլուզ քաղաքից

Ֆրանսիայի Թուլուզ քաղաքը հայտնվել է «կարմիր գոտում»՝ կորոնավիրուսով վարակվածների բարձր թվի պատճառով: Թուլուզ քաղաքում բնակվող 35-ամյա Ելենա Հարությունյանի խոսքով՝ կորոնավիրուսի վարակման տարածվածությունը կրկին թափ առավ՝ հանգստյան սեզոնի բացման և կանոնների լիարժեք չպահպանման հետևանքով:

«Մեր քաղաքում կորոնավիրուսի դեպքերն ահավոր շատացել են: Քաղաքը հայտնվել է «կարմիր գոտում», Ֆրանսիայում այդպես են անում՝ կարմիր, կանաչ, նարնջագույն գոտի: Կանաչը նշանակում է, որ դեռ շատ վարակվածներ չկան, նարնջագույնը՝ հնարավոր է, որ շատանան, կարմիրը՝ այսինքն արդեն շատ-շատ են, հիմա մենք էդ «կարմիր գոտու» մեջ ենք»,- «Մեդիալաբին» ասում է Հարությունյանը:

Ըստ worldometers.info-ի՝ Ֆրանսիայում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է վարակվածության 7157 նոր դեպք: Համեմատության համար նշենք, որ օգոստոսի 4-ին այդ թիվը 1039 էր, այսինքն՝ առնվազն վեց անգամ պակաս:

Ընդհանուր վարակակիրների թիվը Ֆրանսիայում սեպտեմբերի 4-ի դրությամբ կազմել է 300.181, կորոնավիրուսից մահերի թիվը 30.706 է, առողջացել է 87.206 մարդ: 

«Հիվանդությունը ահավոր տարածվեց, թվերը միանգամից բարձրացան, երբ մարդիկ սկսեցին իրենց արձակուրդներին տարբեր երկրներ գնալ: Մենք մոտ ենք Իսպանիային, Իտալիային, մարդիկ մեքենաներով կարողանում էին գնալ այդ երկրներ, իսկ էդ ժամանակ էդ շրջանում՝ հունիս-օգոստոսին, Իսպանիայում դեռ վարակվածներ շատ կային, դրանից հետո մեզ մոտ էլ դեպքերը շատացան: Անգամ մենք, որ գնացել էինք հանգստանալու Ֆրանսիայի շրջաններից մեկը՝ Նիցա, այնտեղ ընդհանրապես սոցիալական հեռավորությունը չէր պահվում»,- պատմում է Ելենա Հարությունյանը:

Հարությունյանն ընդգծում է, որ Ֆրանսիայում հիմնականում դիմակի կրումն է պահպանվում, մնացյալ կանոնները, կարծես թե, անտեսվում են:

Ըստ նրա՝ հանգստյան գոտիներ գնալու և կանոնները չպահպանելու հետևանքով էլ քաղաքը հայտնվել է «կարմիր գոտում»:

«Մարդիկ էլ են հոգնել, սկզբում պահում էին հեռավորությունը, զգուշություն կար թե փողոցներում, խանութներում, ամենուր: Բայց հիմա չեն պահպանում հեռավորությունը, միայն դիմակ են դնում, որովհետև եթե էդ դիմակ չդնեն, 135 եվրո տուգանք է հասնում: Մեզ մոտ տրանսպորտային միջոցներից օգտվելիս արգելվում է առանց դիմակի մետրո, ավտոբուս նստել, բայց մարդկանց միջև 1.5 մետր հեռավորությունը չի պահպանվում: Եթե մետրոյի վագոնում թույլատրվում է, ասենք, 20 մարդ, դուք կտեսնեք 50 մարդու, ոչ մի հսկողություն չկա»,- ասում է Թուլուզ քաղաքի բնակիչը: 

Հարությունյանը պատմում է, որ քաղաքում ամենուր կարելի է գնել դիմակներ, դրանք հասանելի են, պետությունը դիմակներ է տրամադրում է նաև անապահով ընտանիքներին:

«Պետությունը հոգ է տարել այն մարդկանց մասին, որոնք չեն կարող դիմակ գնել, այդ ընտանիքի անդամների թվով տրամադրում է դիմակներ»,- նշում է Հարությունյանը և հավելում, որ բժշկական քարտով ցանկացած ոք ցանկության դեպքում կարող է անվճար COVID-19-ի թեստ հանձնել:

Ասում է, որ եթե աշխատավայրում որևէ մեկի մոտ հայտնաբերվում է վիրուսը, ապա աշխատավայրը փակվում է, և բոլորը թեստավորվում են:

«Ընդհանրապես աշխատանքի վայրում, որտեղ ես եմ աշխատում, եթե գտնվի մեկը, որի թեստը դրական է եղել, 14 օր ամբողջ կոլեկտվիվը պետք է մնա տանը, կփակեն էդ կազմակերպությունը: 14 օր հետո անալիզներով արդեն կներկայանան, եթե բոլորի մոտ մաքուր լինի, կվերադառնան աշխատանքի, եթե չէ՝ կերկարացվի էդ ժամկետը»,- ասում է նա:

Հարությունյանը նշում է, որ դպրոցում և քոլեջում, որտեղ իր երեխաներն են հաճախում, ջերմաչափում չեն իրականացնում, սոցիալական հեռավորությունը նույնպես չի պահպանվում, միայն կրկին դիմակ կրելն է պարտադիր:

«Երեխաները սկսել են իրենց ուսումնական տարին սեպտեմբերի 1-ից: Դպրոցներում չեն հետևում անհրաժեշտ պայմաններին, տղաս 10 տարեկան է, մինչև 11 տարեկաններին թույլատրվում է առանց դիմակի, աղջիկս 15 տարեկան է, հաճախում է քոլեջ, դիմակը պարտադիր է, բայց 1,5 մետր հեռավորություն, որը պարտադիր է, չի պահվում: 

Ինչպես առաջ էին իրար կողք կողքի նստած, էնպես էլ հիմա են դասերն անցկացնում, մի տարբերությամբ՝ դիմակներով»,- ընդգծում է Ելենա Հարությունյանը: 

Հարությունյանն ասում է, որ չնայած քաղաքը «կարմիր գոտում է» հայտնել, բայց մարդիկ խուճապի մեջ չեն, կարծես թե անտեսում են վիրուսը:
«Մարդիկ, ճիշտ է՝ մտահոգ են, բայց ավելի քիչ են զգուշանում, քան առաջ: Եթե նախկինում քիչ էին տնից դուրս գալիս, միայն շատ կարևոր դեպքում, հիմա էդ զգուշավորությունը բացարձակ չկա, մարդիկ անտեսում են վիրուսը, ապրում են իրենց բնականոն կյանքով: Եթե անգամ մեր քաղաքում հիմա շատացել են դեպքերը, պատկերացրեք՝ մարդկանց մեջ խուճապ չեք նկատի, ամեն ինչ մարդիկ հանգիստ են տանում»,- նշում է նա:

Ելենա Հարությունյանի ցանկությունն է, որ շուտ ավարտվի այս իրավիճակը, հայրենիք գալու և հարազատներին տեսնելու հնարավորություն լինի:

«Ցավ եմ ապրում, որ այս վիրուսը հազարավոր մարդկանց կյանք է խլում: Ուզում եմ շուտ ավարտվի այս ամենը, շուտ գտնեն այդ պատվաստանյութը: Մեզ նման մարդիկ էլ որ տարվա մեջ մի անգամ կարողանում էին Հայաստան գալ, հարազատներին տեսնել, իրենց կարոտն առնել, հիմա էս հիվանդությունը արգելք է հանդիսացել, Աստված տա, սա շուտ վերջանա»,- նշում է նա:

Արփինե Արզումանյան

MediaLab.am