Երևանում կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Գետաբակ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:

Մասնավորապես՝

– արտադրական շինությունների կառուցվածքը, դասավորությունը և չափսերը չեն ապահովում հոսքայնությունը՝ չբացառելով պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական խաչաձև աղտոտումը, 

-չի ապահովվել բնական և մեխանիկական օդափոխությունը, պաշտպանությունը կրծողների և միջատների ներթափանցումից, կեղտի կուտակումներից և բորբոսի առաջացումից,

– պատերի,  հատակի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, չներծծող նյութերից, հեշտությամբ չեն մաքրվել և ախտահանվել,

– սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումները և գույքը պատշաճ չեն լվացվել, մաքրվել և ախտահանվել, չեն եղել բարվոք վիճակում։

–  սննդի կառույցն ապահովված չէ անձնակազմի համար հանդերձարանով,

– աշխատակիցները չեն ենթարկվել պարտադիր նախնական ու պարբերական բժշկական զննությունների,  չեն ունեցել սանիտարական գրքույկներ, 

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ: