Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ այս երկրի Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Հարգելի Ալեքսանդր Գրիգորիի,

Ընդունեք սրտանց շնորհավորանքներս և ջերմ մաղթանքներս Բելառուսի Հանրապետության անկախության օրվա առթիվ։

Անկախության տարիների ընթացքում Բելառուսը զգալի հաջողությունների է հասել սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական և բազմաթիվ այլ ոլորտներում։

Վստահ եմ, որ բարեկամ ժողովուրդների միջև փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի բարի ավանդույթների վրա հիմնված փոխշահավետ համագործակցության հետագա ամրապնդման և խորացման ուղղությամբ Հայաստանի և Բելառուսի համակարգված ջանքերն ամբողջությամբ համապատասխանում են մեր երկրների շահերին:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի՛ Ալեքսանդր Գրիգորիի, քաջառողջություն և հետագա հաջողություններ, իսկ Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և բարգավաճում»: