Դուք ուզում եք ասել՝ տրանսգենդերը պղծե՞ց ԱԺ ամբիոնը

Դուք ուզում եք ասել՝ տրանսգենդերը պղծե՞ց ԱԺ ամբիոնը
Դուք ուզում եք ասել՝ տրանսգենդերը պղծե՞ց ԱԺ ամբիոնը

«Ինչպե՞ս է տրանսգենդերին հաջողվել մտնել խորհրդարան»։ Այսպիսի հարցադրում կարդացի մի լրատվամիջոցում։

Հարցը տրվում է այնպիսի տոնով, կարծես այդ աղջիկը Նաիրի Հունանյանն էր, և ԱԱԾ-ն պետք է ինչ-որ լուրջ միջոցներ ձեռք առած լիներ:

Իսկ ի՞նչը պիտի խանգարեր այդ կնոջը խորհրդարան մտնել։ Ո՞ւմ է այդ աղջիկը խանգարում իր սեռափոխությամբ, իր ընկալումներով և նույնիսկ հարցերով, որոնք առաջին անգամ հնչեցին երկրի գլխավոր քաղաքական ամբիոնից։ 21-րդ դարում ուղղակի ծիծաղելի է ասել, որ տրանսգենդերը նույնպես մարդ է։ Եվ, ընդհանրապես, եթե մեկը բերանը բացում է ու բառեր է ասում առանց վարժեցվելու, մարդ է։ Հետևաբար նա մուտք ունի ամենուր, որտեղ ինքը թեմա է։ Տրանսգենդերը նույնպես ունի իր հակակրանքները։

Ո՞ւմ կարող ենք բացատրել, որ մարդուն պետք է ընկալել նախ իր զգացմունքներով: Էդ աղջիկը ԱԺ ամբիոնին է մոտեցել, որովհետև վախենում է կիսատ ընկալվելուց, վախենում է ասել, որ տղամարդ լինելու իր կռիվը էս հասարակությունում տանուլ է տվել, որովհետև իր սեռը իր ֆիզիոլոգիական և հոգեկան պահանջների հետ չի խոսել:

Ու նա ազնվորեն փոխել է իր սեռը, որպեսզի ձեր առջև ֆիզիկապես հանդես գա մեկը, որը մինչև սեռափոխությունը հոգեպես էր կին: Դա այնքան հասարակ մի պահանջ է, որ նույնիսկ բացատրելու բան չէ:

Ինչպե՞ս կարող է նրա ազնվությունը նոր Հայաստանում դառնալ այսպիսի հարց՝ ինչպե՞ս է տրանսգենդերին հաջողվել մտնել խորհրդարան: Եթե դա իսկապես քրեորեն հետապնդելի է, գուցե հաջորդ նիստին վարչապետը ԱԱԾ-ին հանձնարարի պատասխանատվությա՞ն կանչել բոլորին, որոնց մարմինը և հոգին իրար հետ չեն խոսում: Դուք ուզում եք ասել՝ պղծվե՞ց ԱԺ ամբիոնը: Ուզում եք ասել՝ հանրապետականների օրոք նման բան հնարավոր չէ՞ր:

Նժդեհը տրանսգենդերների մասին ինչ-որ բա՞ն է ասել:

Այդ աղջիկը ծնողներ ունի, ընկերներ, որոնք համաձայնվել են նրա ընտրության հետ: Եթե անգամ չեն համաձայնվել, նրանք ծնող են և արժանի են հարգանքի, որպեսզի սոցիալական հարթակներում և լրատվական կայքերում իրենց նախկին որդին չդառնա ղժժալու թեմա:

Ձեզանից յուրաքանչյուրը երաշխավորված չէ այդ երկվությունից: Եթե ձեզ համար փակվել է այդ թեման, դուք չեք կարող վստահ լինել, որ ձեր երեխաների համար չի բացվելու այն: Դժվարը ընտրությունը կատարելն է և այդ ընտրությամբ հասարակություն դուրս գալը, դրանով ընտրություն կատարածը ցույց է տալիս, որ մտքով և էությամբ ինքը տեսնում է այնպիսի հասարակություն, որտեղ կարելի է դուրս գալ առանց վախենալու:

Ինքը հարգանքի իր քայլն արել է: Ո՞րն է ձեր քայլը: Հիմա, երբ դուք նրան դարձնում եք քննության առարկա, այդ աղջկան ասում եք՝ մտիր քո տուն ու այլևս փողոց դուրս չգաս: Այդ աղջիկն իր ոտքով է մտել Ազգային ժողով:

Ձեր կռիվն ի՞նչն է՝ էսթետիկա՞ն:

Գուցե խոստովանե՞ք, որ եթե նա չներկայանար, ոչ մեկդ գլխի չէր ընկնի, որ նախկին տղա է այդ աղջիկը:

Դուք միայն պատկերացրեք այն մղումը, որով տղա ծնվածը ցանկացել է դառնալ աղջիկ: Ժամանակակից գիտությունը թույլ է տալիս, որ մարդը իր մարմինը համապատասխանեցնի իր հոգեկան մղումներին: Ժամանակին այդպես եկեղեցին չէր ընդունում գիտության նվաճումները, միջնադարում ցանկացած գիտական թռիչք «տրանսգենդերային» էր:

Մինչև սովորեցին հասկանալ, որ Աստծունը՝ Աստծուն, գիտությանը՝ գիտությանը: Հանգիստ տարեք: Որովհետև այդ աղջիկը մայր է դառնալու: Իսկ մայր դարձած տրանսգենդերի մասի՞ն ինչ կասեք: Ֆինլանդիայում հո դարձե՞լ է:

Մհեր Արշակյան

MediaLab.am