Հայաստանը կորոնավիրուսի դեմ պատվաստումների տեմպերով զիջում է նույնիսկ Զիմբաբվեին, Զամբիային և այլ աֆրիկյան երկրների. ի՞նչ ակնկալել առաջիկայում

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստման մեկնարկից միայն 14 օր անց կառավարության անդամները փորձեցին ակտիվություն հաղորդել գործընթացին և պատվաստվել տեսախցիկների առջև: 

Երեկ պատվաստվել են փոխվարչապետի պաշտոնակատարը, առողջապահության նախարարի պաշտոնակատարը, ինչպես նաև ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցները: 

Ժամանակը ցույց կտա, թե բարձրաստիճան պաշտոնյաների հանրային պատվաստումը ինչպիսի ակտիվություն կհաղորդի գործընթացին: Մինչ այդ սակայն պատվաստումների առումով Հայաստանի ցուցանիշները մխիթարական չեն:

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է ըստ երկրների պատվաստումների շարժը: 

«Չհուսադրող վիճակագրություն՝ տարածաշրջանում ամենաքիչ պատվաստում արվել է Հայաստանում»,-գրել է նա՝ մանրամասներ ներկայացնելով իրավիճակից։

Ըստ այդմ՝ 2021 թվականի ապրիլի 25-ի դրությամբ, ամբողջ աշխարհում ներարկվել է պատվաստանյութի շուրջ 1.02 մլրդ դեղաչափ: Պատվաստումների տեմպը ներկայում կազմում է շուրջ 17,8 մլն դեղաչափ օրական: 

ԱՄՆ-ում ներարկվել է 231 մլն դեղաչափ, միջինում՝ շուրջ 2,74 մլն դեղաչափ օրական, ՌԴ-ում իրացվել է 17,9 մլն դեղաչափ, համապատասխանում է բնակչության շուրջ 9,1%, օրական տեմպը՝ շուրջ 74 հազար դեղաչափ, Թուրքիայում՝ 21,1 մլն, համապատասխանում է բնակչության շուրջ 12,7%, օրական տեմպը՝ շուրջ 156 հազար դեղաչափ, Ադրբեջանում՝ 1,4 մլն, համապատասխանում է բնակչության շուրջ 7,1%, օրական տեմպը՝ շուրջ 13,8 հազար դեղաչափ, Իրանում՝ շուրջ 718,5 հազար, համապատասխանում է բնակչության շուրջ 0,4%, օրական տեմպը՝ շուրջ 41,9 հազար դեղաչափ, Վրաստանում՝ շուրջ 37,5 հազար մարդ, համապատասխանում է բնակչության շուրջ 0,5%, օրական տեմպը՝ շուրջ 1,2 հազար դեղաչափ: 

«Եվս մեկ անգամ խնդրում եմ ու հորդորում եմ՝ պատվաստումների թեման մի՛ դարձրեք շահարկման թեմա, դա վտանգավոր է: Այլընտրանք չկա՝ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը»,- հորդորել է Արմեն Մուրադյանը:

Պատվաստումների միջազգային քարտեզում Հայաստանի ցուցանիշները զրո են, և առաջընթաց չկա. ապրիլի 25-ի դրությամբ շուրջ 500-ի է հասնում պատվաստումների քանակը: https://ourworldindata.org/covid-vaccinations Ավելին, մեր երկիրը նույն քարտեզում առնվազն մեկ դեղաչափ պատվաստանյութ ստանալու ցուցանիշներով հետ է մնում աֆրիկյան այնպիսի երկրներից, ինչպիսիք են՝ Ուգանդան, Նամբիան, Զիմբաբվեն, Զամբիան: Մխիթարական է թերևս այն, որ աֆրիկյան երկրներից Կամերունն է Հայաստանին զիջում իր ցուցանիշներով: 

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը, սակայն, «Մեդիալաբին» ասում է, որ վերջին շրջանում պատվաստումների տեմպը աճի միտում ունի. ապրիլի 28-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 2641 դեղաչափ պատվաստում՝ 597 անձի: 

Մեկ անձին ներարկվում է երկու դեղաչափ: Այդ ներարկումների միջև ժամանակային տարբերությունը կազմում է 21-42 օր:

«Օրական կտրվածքով մենք պատվաստումների աճ ենք գրանցում՝ յուրաքանչյուր օր նախորդ օրվանից 4-5 տոկոսով ավելի են պատվաստումները»,- ասում է Գայանե Սահակյանը:

Այն հարցին, թե հնարավո՞ր է առողջապահության նախարարությունը կամ իրավասու մարմինները իրազեկման ճիշտ արշավ չեն կազմակերպել, Սահակյանն արձագանքում է.

«Չեմ կարծում՝ իրազեկման խնդիր է: Ավելի շատ պլանավորման կամ գործընթացային խնդիր է: Եթե օրական աճ չունենայինք, մենք, այո՛, կմտածեինք, որ իրազեկման խնդիր ունենք, բայց քանի որ օրական կրկնապատկվում են պատվաստման դիմելիության թվերը, ուստի կարծում ենք, որ իրազեկման խնդիր չկա»:

Նրա ներկայացմամբ՝ տեղամասային առողջության առաջնային օղակների բուժաշխատողներն իրենց հերթին են զանգեր կատարում, բնակչությանն իրազեկում պատվաստումների անհրաժեշտության մասին:

«Բուժաշխատողները պլանավորում են, կազմում են ցուցակ ու եռակի ավելի մարդկանց են զանգահարում, տեղեկացնում պատվաստումների կարևորության մասին և, ըստ քաղաքացու հարմարության, պլանավորում պատվաստման օրը»,- ներկայացնում է Գայանե Սահակյանը:

Պատվաստման պլանավորման գործընթացը սահուն կազմակերպելու հարցում մասնագետը խոչընդոտ է համարում դեղաչափի կիրառելիությունը. մեկ դեղաչափը կիրառվում է 10 անձի համար:

«Անպայման պետք է ցուցակագրվի 10 անձ, որպեսզի այդ մեկ դեղաչափն օգտագործվի, այդ ամենը հաշվի է առնվում: Մենք չէինք սպասում, որ միանգամից հազարներով կպատվաստեն»,- նշում է Սահակյանը:

Ըստ մասնագետի՝ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութն աշխարհում ամենաշատն է ներարկվել՝ շուրջ 31,68 մլն դեղաչափ: Հայաստան ներկրված «ԱստրաԶենեկա»-ի ժամկետն ավարտվում է մայիսի 31-ին: «Մինչև մայիսի վերջ կօգտագործենք, դրանից հետո ինչքան մնաց՝ կխոտանենք»,- նշում է նա:

Ապրիլի 28-ին Հանրապետությունում փոփոխվել է պատվաստումների կարգը, ինչը ըստ մասնագետների հնարավորույթուն կտա առավել արդյունավեետ իրականացնել գործընթացը։

Փոփոխությունների համաձայն, պոլիկլինիկանները հինգ օր աշխատելու փոխարեն այսուհետ կաշխատեն յօթօրյա գրաֆիկով։ Մյուս փոփոխության համաձայն, 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները և՛ ռիսկի խմբերում գտնվող, և՛ դրանցից դուրս, կարող են դիմել «AstraZeneca»-ով պատվաստման: Ընդ որում, պատվաստվել կարող են բոլոր պոլիկլինկաներում՝ անկախ գրանցման վայրից։

Այս փոփոխություններից զատ, հաջորդ շաբաթվանից քաղաքի բանուկ հատվածներում կլինեն շարժական թիմեր, որոնք կարող են պատվաստել ցանկացող քաղաքացիներին։ Այս մասին այսօր կայացած կառավարության նիստում տեղեկացրել է ԱՆ նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

«Սիրելի քաղաքացիներ անկախ ձեր կցագրված վայրից, կարող եք ձեր նախընտրած պոլիկլինիկայում հերթագրվել և ստանալ պատվաստանյութ: Հաջորդ շաբաթվանից կունենաք շարժական թիմեր, որոնք քաղաքի բանուկ տարածքներում տեղակայված կլինեն և ևս մեկ քայլ կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը մեր քաղաքացիներին»,- կառավարության նիստում հայտարարել է նախարարի պաշտոնակատարը:

Այսօր կայացած կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է խնդրին։

«Պատվաստման բավականին մեծ պոտենցիալ ունենք, ինչը պատշաճ մակարդակով չի իրականացվում,-մասնավորապես նշել է նա,- Հայաստանում պատվաստված է ընդամենը 2690 մարդ․ խայտառակ ցածր ցուցանիշ է»։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am