«Կան նոր տվյալներ, որոնք հերքում են Դավիթ Տոնոյանի մեղադրանքը». Տոնոյանի հետ կատարվողը պաշտպանությունը համարում է հեղինակազրկման գործընթաց

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խմբի համար անակնկալ է եղել նախկին պաշտոնյայի կալանքը երկարացնելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Այսինքն՝ Տոնոյանը դատարանի որոշմամբ ևս երկու ամիս ստիպված է մնալ կալանքի տակ:

«Քրեական գործի նախաքննությամբ որևէ նոր տվյալ ձեռք չի բերվել, և նախաքննական մարմինը միջնորդում է երկարացնել Դավիթ Տոնոյանի կալանքի ժամկետը», – «Մեդիալաբին» ասաց Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը:

Դավիթ Տոնոյանը, որը որպես մեղադրյալ անցնում է պաշտպանական համակարգում կոռուպցիոն չարաշահումների գործով, կալանավորվել էր երկու ամիս առաջ: 2018-2020 թթ. պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և զենքի մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը, որն առավել հայտնի է Պատրոն Դավո անունով, կալանավորվել են զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում պաշտպանության նախարարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

ԱԱԾ-ում քննվող քրեական գործի նյութերի համաձայն՝ նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 դրամ (4.7 մլն ԱՄՆ դոլար) գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

Հիշեցնենք՝ այս գործով կալանավորվել են նաև Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը և 2009-2019 թթ. ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը զբաղեցնող անձը, որն այդ տարիներին գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանն էր:

Վերջերս «Մեդիալաբին» տված հարցազրույցում Տոնոյանի փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը հայտարարել էր, թե քրեական գործի նախաքննությունը փակուղում է: Նա այսօր էլ մեզ հետ զրույցում պնդեց իր հայտարարությունը և ընդգծեց՝ Տոնոյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը հերքող տվյալները նախաքննական մարմինն անտեսել է:

«Ձեռք էին բերվել նոր տվյալներ, որոնք հերքում են Դավիթ Տոնոյանին առաջադրված մեղադրանքը և բացառում էին հիմնավոր կասկածի առկայությունը: Զուտ իրավաբանորեն կարծում էինք, որ կալանքի ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը ընդհանրապես ենթակա չէ բավարարման, բայց ի զարմանս մեզ դատարանը բավարարել է դա»,- նշեց փաստաբանը:

Դատարանի որոշումը դեռ չեն ստացել, հետևաբար դրա վերաբերյալ գնահատականներ նա չկարողացավ տալ: Բայց դատարանի դահլիճում միջնորդության քննարկումը հիմք է տվել փաստաբանին պնդելու՝ դատարանը ևս երկու ամսով կալանավորելով Դավիթ Տոնոյանին՝ հիմնավորված որոշում չի կայացրել.

«Ներկայացված միջնորդությունը իրենից ներկայացնում էր որոշակի տվյալների հիման վրա արված ենթադրություններ, և դատական ակտն էլ, իմ կարծիքով, հիմնված է լինելու այդ ենթադրությունների վրա: Եվ, ընդհանրապես, Տոնոյանին առաջադրված մեղադրանքն է ենթադրություն»:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է դատարանը նախաքննության ենթադրությունների հիման վրա կալանքի որոշում կայացնում, փաստաբանը արձագանքեց. «Մեր գնահատականն այն է, որ Դավիթ Տոնոյանը այս պահին պետք է մնա կալանքի տակ, դրա համար էլ նման որոշում է կայացվել»:

Փորձեցինք հասկանալ՝ այսինքն կա քաղաքական որոշում կալանքի տա՞կ պահել Տոնոյանին, փաստաբանը պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ կա՞ քաղաքական որոշում, թե՞ ոչ: Ուղղակի մենք հասկանում ենք, որ այս գործընթացը Դավիթ Տոնոյանին հեղինակազրկելու նպատակ ունի»:

Փաստաբանն ասաց, որ Դավիթ Տոնոյանը շարունակում է ցուցմունքներ չտալ, և ընդգծեց՝ այդ մարտավարությունը բխում է երկրի շահերից: «Դավիթ Տոնոյանն այս պահին իր մասին չի մտածում, և նրա համար առաջնայինը բացառապես երկրի շահն է: Ցուցմունք չի տալիս, քանի որ տալու դեպքում կարող են շոշափվել տարբեր պետությունների, տարբեր իրավաբանական անձանց ու անձանց շահերը, այդ թվում՝ մեր պետության անվտանգության հարցերը: Սա բացատրելու չի, մանրամասներ չեմ կարող հայտնել»,- նշեց փաստաբանը՝ տարօրինակ համարելով այն, որ բարձրագույն ղեկավարությունը այդ ամենի խորությունը չի ընկալում:

Ինչ վերաբերում է նախաքննության ընթացքում հրթիռների փորձաքննություն անցկացնելու մասին պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդություններին, փաստաբանն ասաց, որ դրանք մերժվում են:

«Հրաժարվում են փորձաքննությունից, և, ընդհանրապես, այդ կապակցությամբ որևէ միջնորդություն չի բավարարվում: Մեր կողմից առաջադրված հարցադրումները չեն ուղղվում փորձագետին: Ցանկացած իրավաբան երբ ծանոթանա գործի նյութերին, իր մեջ հարց կարող է առաջանալ՝ ինչու այս հարցերը պարզաբանված չեն: Առանց այդ տվյալների մեղադրանք է առաջադրված: Օրինակ՝ առանց որոշելու զենքի որակը, ենթադրություն է կատարվել որակի մասին»,- ներկայացրեց Հովհաննիսյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am