Հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարարն ու Ադրբեջանում ԿԽՄԿ-ի գրասենյակի ղեկավարը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հուլիսի 14-ին հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության Բաքվի գրասենյակի ղեկավար Դրագանա Կոժիչի հետ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Ըստ հաղորդագրության քննարկվել են Ադրբեջանի և ԿԽՄԿ-ի համագործակցության հարցեր։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետն ամբողջությամբ փակելու հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը։

Ադրբեջանական կողմը հերթական անգամ պնդել է իր կեղծ թեզը, թե պատրաստ են ապահովել բուժօգնության կարիք ունեցողների տեղաշարժը միջանցքով՝ ԿԽՄԿ-ի միջնորդությամբ, եթե պահպանվեն անցակետի կանոնները։

Չնայած այն հանգամանքին, որ Բաքուն պարբերաբար հերքում է Արցախում հումանիտար ճգնաժամի առկայության փաստն ու կեղծ ու մանիպուլյատիվ տեղեկություններ է տարածում Արցախում տիրող իրավիկճակի վերաբերյալ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհն օգտագործելու եղանակով արցախահայերին օգնելու պատրաստակամության մասին։