«Բա՞ մարդ չիմանա, որ արթնանում ա, ինչի՞ խաթեր ա արթնանում». Իրինան մինուճար որդու կորստյան հետ չի համակերպվում

Միայնակ մայր, 38-ամյա Իրինա Գրիգորյանը Արցախյան պատերազմի ժամանակ կորցրել է մինուճար որդուն։ 6 ամիս է անցել որդու զոհվելու օրից, սակայն մինչև այսօր կորստյան ցավն անհաղթահարելի է Իրինայի համար, ասում է՝ ինքն էլ չգիտի՝ ինչի համար է արթնանում, ինչի համար է ապրում:

«Կյանքի ամենաահավոր զգացմունքներն են, բա մարդ չիմանա՞, որ արթնանում ա, ինչի՞ խաթեր ա արթնանում, ո՞ւմ համար ա արթնանում։

Մինչև հիմա չեմ հավատում, դա հնարավոր բան չի, որ Աստված էդքան անգութ լինի իմ երեխու հանդեպ, ես իրանից բացի երեխա չունեի։ Երեխես 1,5 տարեկան էր, որ բաժանվեցի ամուսնուցս, ես նրան մենակ եմ մեծացրել։ Անդադար Աստծո հետ եմ կռիվ տալիս, խի ա՞ էդքան անարդար։ էս ի՞նչ կյանք ա, սաղ կյանքս աշխատել, ստեղծել եմ իրա համար, որ ինքը նորմալ կյանք տենա, ինչքան ուժ ունեի, ինչքան կարող էի»,- խոր կսկիծով ասում է պատերազմի ժամանակ զոհված 20-ամյա Դավիթ Հարությունյանի մայրը։

Ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունյանը պատերազմի ժամանակ սկզբում եղել է Հադրութում, այնուհետև տեղափոխվել Մատաղիս, որտեղ էլ զոհվել է։

«էդ օրը երեք անգամ խոսացել եմ: Ժամը 5-ին զանգեց, ասեց՝ մամա՛, ընկերս քեզ նկարներ կուղարկի. դրանք առաջին նկարներն էին, որ պատերազմի ընթացքում ուղարկում էր, ասեց՝ նկարներս կպահես, որ գամ: Ասեցի՝ պահելու եմ, բա ինչ եմ անելու։ Նկարները ստացա, արդեն 7-ին 20 էր պակաս: Զանգեցի, որ ասեմ՝ նկարները ստացել եմ, երևի կես ժամ հետը խոսեցի, փորձում էի կարճ կապել, բայց ինքը շատ էր ուզում, անընդհատ ուզում էր հետս խոսալ, հետո դեպքը պատահեց»,- ցավով հիշում է մայրը։

Տղայի զոհվելու մասին Իրինան տեղեկանում է եղբոր ու մոր հեռախոսազրույցից:

«Արդեն ամսի 23-ին, 9-ի մոտերը եղբայրս զանգեց, բա՝ ի՞նչ եք անում, ասեցի՝ նստած: Ասեց՝ մամադ մո՞տդ ա: Որ ասեց՝ մամադ մո՞տդ ա, ինչ-որ կասկածանք իսկույն զգացի, հեռախոսը մամային եմ փոխանցում ու աչքերին նայում, որ բան չթաքցնի: Մաման անջատեց, մամայի խոսալուց հասկացա ամեն բան»,- հուզմունքով պատմում է Իրինան։

Ասում է, որ որդին զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից: 

«Ասկոլկեն ուղիղ գլխին ա խփել, անմիջապես գլխուղեղին ա տվել, չի վիրավորվել, տեղն ու տեղը մահացել ա»,- մորմոքում է մայրը։

Մայրն ասում է, որ տղան անչափ ընկերասեր էր, մարդասեր, բոլորին մշտապես օգնության էր հասնում, շատ երազանքներ ուներ:

«Ասում էր՝ մամա՛, մի քիչ էլ համբերի, գիտեմ՝ սաղ կյանքդ աշխատել ես, ես կգամ ու քեզ կօգնեմ, հո քեզ նեղացնող չկա՞, հարևաններին էլ զանգում էր, ասում՝ մորս լավ նայեք։

Երեխա ա, շատ երազանքներ ուներ։ Չափից շատ 07 մեքենաներն էր սիրում, ամառը զանգեց, ասեց՝ մամա՛, մի հատ մեծ երազանք ունեմ, ուզում եմ զորացրվելու ժամանակ մի հատ 07 լինի: Ասեցի՝ լավ, տղե՛ս, պայմանավորվենք՝ դու ոնց հարկն ա՝ էնպես ծառայի, ես քեզ խոստանում եմ, դու ծառայությունդ ավարտես, ես քեզ մեքենա եմ առնելու»,- հոգոց հանելով ասում է Իրինան։

Իրինան վերադարձել է Արցախ՝ Ասկերանի շրջան, Խնձրիստան գյուղ։ Խանութում է աշխատում, բայց ոչինչ ու ոչ ոք չեն սփոփում վիշտը:

«Ոչ մեկի չեմ ուզում տենամ, շփվեմ, ցավին չեմ դիմանում, կարոտին չեմ դիմանում։

Էս դժվար կյանքից, մեր պապական եկած ցավից եկավ, իմ սեփական ցավը ունեցա։ Առողջությունս արդեն 70 տոկոսը կոտրվել ա, ամեն հաց ուտելուց ինձ մեղավոր եմ զգում»,- սրտնեղած ասում է Իրինան։

Ընդգծում է՝ պատերազմի առաջին օրերին չէր պատկերացնում, որ այդքան դաժան ու սարսափազդու կլինի այն:

«Պատերազմը որ սկսվեց, առաջինը զանգեցի տղուս, ասեց՝ տեխնիկան հանել ենք, մամա՛, կռիվ ա: Ասեցի՝ զգուշությունդ պահի, ասեց՝ մամա՛, սաղ օդային ա, զգուշությունը պահել չի լինի, դուք ձեզ լավ պահեք, որ հանգիստ լինեմ: Մինչև երեխու զոհվելը չէի պատկերացնում՝ ինչ ա կատարվում, մտածում էի՝ հեսա կպրծնի։ 

Ես վախենում էի իրա համար՝ ամեն րոպե, ամեն ժամ, բայց հույսս չէի կորցնում, Աստծուն հավատում էի, ասում էի՝ բան չի լինի, ինքն իմ մինուճարն ա, իրա ձեռի տակ կպահի ամեն դեպքում։ Ես չգիտեմ՝ Աստված էս ցավն ինչի՛ ա ստեղծել, իմ ապրելու իմաստը ո՞րն ա։ Էս մեր հայի ճակատագիրն ա, խաչն ա։ Չգիտեմ՝ ի՛նչ ա արել հայը, որ էս ճակատագրին ա արժանացել»,- հուզմունքից խոսքը չի ավարտում Իրինան։

Արփինե Արզումանյան

MediaLab.am