56 տարեկանում կյանքից հեռացել է «Nothing Compares 2 U»-ի կատարմամբ հայտնի Շինեյդ Օ’Քոնորը

Իռլանդացի երգչուհի Շինեյդ Օ’Քոնորը 56 տարեկան հասակում հեռացել է կյանքից։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է CNN-ից։

Երգչուհու մահվան պատճառը չի նշվում։

Օ’Քոնորի հեղինակած երգերն անդրադառնում էին քաղաքականությանը, պատմությանը և փիլիսոփայությանը։ Իր ստեղծագործական գործունեության ընթացքում նա բազմաթիվ ալբոմներ է թողարկել։

Երգչուհին համաշխարհային համբավ է ձեռք բերել Փրինսի հեղինակած «Nothing Compares 2 U» երգի կատարման շնորհիվ։

Վերջին տարիներին Օ’Քոնորը սոցիալական ցանցերում պատմում էր թմրամիջոցներից կախվածության դեմ իր պայքարի, հոգեկան առողջության հետ կապված խնդիրների մասին։

Երգչուհու մահվան կապակցությամբ ցավակցություններ է հայտնել Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը, նախագահ Մայքլ Դ․ Հիգինսը, ինչպես նաև շոու բիզնեսի տարբեր ներկայացուցիչներ։