Մեծ Պարնիի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժած երիտասարդը տեղափոխվել է Երևան. Սպիտակի ԲԿ

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, օգոստոսի 1-ին՝ ժամը 14:42-ին, Մեծ Պարնի գյուղի մոտակա գազալցակայանում տեղի էր ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Սպիտակի ԲԿ-ն տեղեկացնում է, որ պատահարի հետևանքով մարմնի ջերմային այրվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 29-ամյա տղամարդ:

Տուժածը զննվել է վիրաբույժի կողմից, ախտորոշվել են դեմքի, պարանոցի, վերին վերջույթների եւ իրանի շրջանում 2-րդ աստիճանի ջերմային այրվածքներ: Ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, այրվածքային մակերեսների մշակում պանտենոլային սփրեյի եւ ֆուրացիլիային թրջոցների կիրառմամբ, ցավազրկում, ինֆուզիոն թերապիա:

Կատարվել են նաև գործիքային լաբորատոր քննություններ: Վիճակը գնահատվել է կայուն:

Իրականացվել է կոնսուլտացիա բժիշկ-այրվածքաբանի հետ, որից հետո որոշում է կայացվել տուժածին տեղափոխել Այրվածքաբանության ազգային կենտրոն` հետագա բուժումը շարունակելու նպատակով: