Դենիս Գոնչարն անդրադարձել է Հայաստանի ու Ռուսաստանի սերտ համագործակցությանը տարբեր ոլորտներում

Ռուսաստանի արտգործնախարարությունում հայտնել են, որ Հայաստանը մնում է ՌԴ-ի «ամենամոտ դաշնակիցներից» մեկը և «առանցքային գործընկերը Հարավային Կովկասում»։

ТАСС-ին տված հարցազրույցում ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը հայտնել է, որ երկու երկրներն ակտիվորեն շփվում են տարբեր մակարդակներում։

«Մոսկվայի և Երևանի միջև փոխգործակցության լոկոմոտիվն անփոփոխ կերպով մնում են մեր ղեկավարների միջև փոխվստահելի երկխոսությունը, ինչպես նաև կառավարությունների, նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների միջև ինտենսիվ շփումները, ինչպես նաև խորհրդարանական կապերը», – ասել է պաշտոնյան:

Գոնչարը շեշտել է, որ կողմերի միջև զարգանում են առևտրատնտեսական կապերը, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի շրջանակներում։

«Չնայած գլոբալ տուրբուլենտությանը, մենք բավական դրական զարգացումներ ունենք առևտրատնտեսական ոլորտում. համագործակցությունը վստահ քայլերով զարգանում է ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵԱՏՄ-ի շրջանակներում։ Անցյալ տարի փոխադարձ առևտուրը գերազանցեց բոլոր ռեկորդները՝ հասնելով 5 միլիարդ դոլարի։ Այս տարի նույնպես դրական դինամիկա ենք տեսնում. հունվար-մայիս ամիսներին առևտուրն աճել է 86%-ով՝ 2022 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ կազմելով $2,3 մլրդ։ Ընդ որում, ռեկորդային չափով՝ 3,3 անգամ, ավելացել է Հայաստանից Ռուսաստան արտահանումը, ինչը թույլ է տալիս խոսել հայ արտադրողների համար ռուսական շուկայի առաջնահերթության մասին», – նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնյան։

Գոնչարը շեշտել է, որ ապագայում ակնկալվում է ապրանքաշրջանառության շարունակական աճ՝ հատկապես հաշվի առնելով հունիսի կեսերից Վերին Լարսի անցակետի թողունակության զգալի ավելացումը։

Պաշտոնյայի խոսքով՝ Հայաստանի ​​տնտեսությունում օտարերկրյա ներդրումների գրեթե կեսը գալիս է Ռուսաստանից։

«Առաջին կիսամյակի խոշորագույն հարկատուները եղել են ռուսական մասնակցություն ունեցող տնտեսվարողները ՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և «Գազպրոմ Արմենիան»», – հավելել է Գոնչարը։

Պաշտոնյան նաև տվյալներ է բերել ԵԱՏՄ երկրների հետ Հայաստանի փոխադարձ առևտրի ծավալների մասին։

«Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ-ի հիմնական շահառուներից է. 2022 թ․-ին Միության երկրներ հայկական արտահանման ծավալն աճել է 1,6 մլրդ դոլարով՝ 2021 թ․-ի համեմատ գրեթե 3 անգամ ավելի, ընդ որում՝ ԵԱՏՄ անդամ երկրների հետ փոխադարձ առևտրում արտահանման աճի տեմպերի ցուցանիշն ավելի բարձր է, քան Հայաստանից երրորդ երկրներ ապրանքների մատակարարումների աճը», – ասել է վարչության տնօրենը։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանն աշխատում է հայաստանյան գործընկերների հետ ՀՀ-ում 4 ռուսական դպրոց կառուցելու շուրջ՝ համաձայն երկու երկրների ղեկավարների պայմանավորվածության։ Բացի այդ, Գոնչարը հիշեցրել է, որ կողմերը համագործակցում են մշակույթի, կրթության և գիտության ոլորտում, կազմակերպում են Ռուսաստանի օրեր Հայաստանում և Հայաստանի օրեր Ռուսաստանի տարբեր մարզերում։