Փաշինյանը խոսել է պաշտոնական ինֆորմացիայի հետ կապված հոգեբանական դիմադրության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ հանրության մեջ պաշտոնական շրջանակից հնչած տեղեկությունները ասոցացվում են ստի, խաբեության հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում։

«Մեր երկարատև պատմության ընթացքում միշտ եղել է հետևյալ իրողությունը՝ պաշտոնական մակարդակից երբեք ճշմարտություն չի հնչել, այսինքն՝ պաշտոնական շրջանակից տեղեկատվությունը միշտ ասոցացվել է խաբեության հետ, ստի հետ: Հետևաբար միշտ ճիշտ ինֆորմացիայի աղբյուր է համարվել այն, ինչը չի տեղավորվում պաշտոնական հաղորդակցության մեջ»,- նշեց վարչապետը:

Նրա խոսքով՝ ճշմարտություն են համարվել ամենատարբեր խոսակցությունները, բամբասանքները, այն որ ծանոթի ծանոթը 100 տոկոսով գիտի։ Փաշինյանն ընդգծեց, որ այդ ամենն ավելի հավաստի տեղեկություն է համարվել, քան պաշտոնական աղբյուրներից հնչողը:

«Հիմա, չնայած ակնհայտ է, որ գոնե կորոնավիրուսի հետ կապված պաշտոնական աղբյուրների ինֆորմացիան ճիշտ է, բայց մեզանում դեռ շարունակում է գոյություն ունենալ պաշտոնական ինֆորմացիայի հետ կապված հոգեբանական դիմադրությունը։ Դրա համար էն ծանոթի ծանոթը, որը 100 տոկոսով գիտի, որ ՀՀ-ում կորոնավիրուս չկա, դա ավելի հավաստի է, քան հարյուրավոր մահերի, հազարավոր վարակվածների մասին պաշտոնական տեղեկատվությունը»,-ընդգծեց վարչապետը: