Այլընտրանքային պատիժ. արդյոք ազատ տարածքները կվերաբնակեցվե՞ն դատապարտյալներով

Այլընտրանքային պատիժ. արդյոք ազատ տարածքները կվերաբնակեցվե՞ն դատապարտյալներով
Այլընտրանքային պատիժ. արդյոք ազատ տարածքները կվերաբնակեցվե՞ն դատապարտյալներով

Հայաստանում մշակվող օրենքի նոր նախագիծը, որի համաձայն համեմատաբար թեթև հանցանք գործած դատապարտյալներին հնարավորություն կտրվի ըստ ցանկության կալանավայրին այլընտրանք ընտրել «ազատ տարածքներում» ընտանիքների հետ ապրելն ու աշխատելը, ենթադրվում է, որ ոգևորությամբ կընդունվի շատ դատապարտյալների ընտանիքների կողմից, սակայն շատերի գնահատմամբ` ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կարող է նոր շահարկումների և բռնկումների պատճառ դառնալ:

«Կալանավայրերում լուրջ բարեփոխումների կարիք կա, սակայն առանց փոփոխությունների նման օրենքի նախագիծը ընդունվելու դեպքում միանշանակ կարող է դժվարին իրավիճակ ստեղծել Հայաստանի համար»,- «Մեդիալաբին» ասում է իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը` անդրադառնալով Ղարաբաղում գտնվող «ազատ տարածքներին»:

Ինքը` օրենքի նախագծի հեղինակը` «Օգոստոսի 23 ազգային դաշինք» իրավապաշտպան կազմակերպության նախագահ, հայտնի իրավապաշտպան Պուշկին Սերոբյանն առանձնապես չի կենտրոնանում «ազատ տարածքների վրա»` նշելով, թե վստահ է, որ նախաձեռնությունը մի քանի պատճառներով կարժանանա իշխանությունների դրական վերաբերմունքին:

«Ես չեմ կարծում, թե որևէ խնդիր լինի: Օրենքի` հավանության արժանանալու դեպքում միանգամից մի քանի հարց կլուծվի»,- «Մեդիալաբին» ասում է Սերոբյանը` խոսելով ազատ տարածքները տնտեսապես ամրացնելու, կալանավայրերում խորհրդային մոտեցումներին հրաժեշտ տալու, ընտանիքները պահպանելու և դատապարտյալներին «շանս տալու մասին»:

Ըստ նախագծի հեղինակի` Հայաստանի կալանավայրերում մարդիկ «պարապությունից խելագարվում» են կամ դիմում նոր հանցանքների, այն դեպքում, երբ նրանք պոտենցիալ աշխատուժ են և կարող են հասարակության ու սեփական ընտանիքի համար համար ավելի պիտանի լինել, ստեղծել իրենց տնտեսությունը, օգտակար գործունեությամբ զբաղվել, ինչը և տարբեր տեսանկյուններից արժեքավոր է դարձնում նման օրինագծի ընդունումը:

«Մարդուն իր ընտանիքի հետ բնակեցնելով ազատ գոտիներում` մենք թույլ չենք տալիս, որ այդ ընտանիքը վերջնականապես քայքայվի, ամրանում է ընտանիքը, իսկ, օրինակ` սահմանամերձ վայրերում էլ բնակեցնելով` ամրացնում ենք սահմանն իր ենթակառուցվածքներով»,- ասում է Պուշկին Սերոբյանը:

Գրող, հրապարակախոս, հանրային խորհրդի Ղարաբաղի հարցերով աշխատանքային խմբի համակարգող Բակուր Կարապետյանի հաշվարկներով` մոտ 1000 ընտանիք կարելի է բնակեցնել տարբեր ազատ գոտիներում կամ սահմանամերձ շրջաններում:

«Դա մարդասիրական քայլ է, որով այդ մարդիկ կվերակենդանացնեն այդ վայրերը և հանրօգուտ աշխատանք կկատարեն, ոչ թե 20 տարի կփտեն բանտում: Ես զրուցել եմ բազմաթիվ կալանավորների հետ, նրանք միանշանակ համաձայն էին բնակվել և աշխատել այն վայրերում, որտեղ իրենց համար հարմար կգտնի պետությունը»,-անցյալ տարեվերջին կայացած ասուլիսի ժամանակի օրինագծի մասի խոսելով ասել է Կարապետյանը:

Նախատեսվում է օրենքի նախագիծը մոտ ժամանակներս ներկայացնել ԱԺ և ՀՀ նախագահին, ենթադրվում է, որ «այլընտրանքային» պատիժը կտարածվի այն դատապարտյալների վրա, որոնց հանցանքն համեմատաբար թեթև է որակվում` ավտովթար, պատահական վրաերթ, պաշտոնեական դիրքի չարաշահում` կոռուպցիայի թեթև դեպքեր և այլն:

Ըստ արդարադատության նախարարության` Հայաստանում 12 քրեակատարողական հիմնարկ և 1 այլընտրանքային պատիժների իրականացման հաստատություն կան` ավելի քան 4500 դատապարտյալներով և կալանավորներով:

Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը «Մեդիալաբին» ասում է, որ մինչ տարեվերջ կառուցվող նոր քրեակատարողական հիմնարկը կհամապատասխանի նոր չափանիշներին:

Եվ չնայած ոլորտում վերջին տարիներին իրականացվող բարեփոխումներներին` այս ոլորտի վարկանիշը բարձր չէ` դատապարտյալների պայմանների, ինքնասպանությունների, և ընդհանուր առմամբ հետխորհրդային ժամանակներից մնացած համակարգից, երբ ճաղերից այն կողմ մարդիկ շատ դեպքերում այլևս չեն կարողանում հարմարվել ազատ կյանքին, աշխատել, հասարակության անդամը դառնել:

ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասում է, որ նման օրինագծի ընդունումն իրապես կարող է «եղանակ փոխել»:

«Սակայն, օրինագիծը պիտի վերաբերի Հայաստանի սահմաններերին, այստեղ ևս բավականին ազատ գոտիներ կան»,- «Մեդիալաբին» ասում է Սաքունցը:

Նույն համատեքստի մեջ է խոսում նաև ԱԺ իշխող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

«Գաղափարը լավն է, սակայն տարածքային սահմանափակումներից պիտի խուսափենք` այլընտրանք թողնելով դատապարտյալներին,- «Մեդիալաբին» ասում է Սահակյանը,- որպեսզի անհարկի շահարկումների տեղիք չտանք»:

Մինչդեռ Պուշկին Սերոբյանը համոզված է, որ թե´ Հայաստանի ներսում և թե´ սահմաններից դուրս վերաբերմունքը միայն դրական կլինի: Նա ասում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի վրա նման օրինագծի ընդունումը բացասական ազդեցություն չի ունենա:

«Միջազգային արձագանքն այս օրինագծին բացասական չի լինի` ընդհակառակը»,-համոզված է նա:

© Medialab.am