Հայ նոտարն անտեսել է կտակը

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությանն է դիմել Ուկրաինայի քաղաքացի Լալա Զաքարյանը` հայտնելով, որ երկար տարիներ Հայաստանում խնամել է իր բարեկամին` Եգոր Սարգսյանին, որը կտակներ է կազմել իր անունով` Երևանում և Արմավիրում իր սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ:
Բարեկամի մահից հետո խիստ կասկածելի հանգամանքներում կորել է Լալա Զաքարյանի անձնագիրը, որը վերականգնելու համար նա ստիպված է եղել մեկնել Ուկրաինա: Մինչ այդ, սակայն, նոտարիատում հաստատել է, որ հանդիսանում է Եգոր Սարգսյանի կտակարարը:

Ուկրաինայից վերադառնալուց հետո Զաքարյանը պարզել է, որ Երևանի Կենտրոն համայնքի նոտար Ալվարդ Մելքոնյանն անտեսել է իր կտակը և որպես ժառագ է ձևակերպել Սարգսյանի դստերը, Աննային: Ըստ Լալա Զաքարյանի, Եգոր Սարգսյանն իր դստերը զրկել էր ժառանգությունից` հոր հանդեպ վատ վերաբերմունք ցուցաբերելու պատճառով, ինչի մասին նա նախկինում դիմել էր ոստիկանությանը:

Լալա Զաքարյանը փորձել է արդարությունը վերականգնել դատարանի միջոցով, սակայն ապարդյուն: Մասնավոր զրույցներում արդարադատությունն իրականացնող մարմինների ներկայացուցիչներն ասել են նրան, որ Ալվարդ Մելքոնյանի «դեմ խաղ չկա»: Մեծ դեր է խաղացել նաև փաստաբանների մատուցած ոչ որակյալ ծառայությունը…

Ներկայացված մեղադրանքների վերաբերյալ «Չենք լռելու»-ն պահանջում է արդարադատության նախարարության պարզաբանումները:

ՏԵՍԱՆՅՈՒԹ. http://www.youtube.com/watch?v=lc46GJJtk1s&feature=youtu.be