Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Լանջիկի ավտովթարի մասնակից վարորդի նկատմամբ

Դատախազը օգոստոսի 17-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Լանջիկի ավտովթարի մասնակից վարորդի՝ Հ.Պ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):

Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազությունից, հանրային քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Պ.-ն օգոստոսի 14-ի ժամը 00:20-ի սահմաններում, իր կողմից շահագործվող «ԶիԼ – ՄՄԶ-554Մ» մակնիշի ավտոմեքենան վարելով Երևան-Գյումրի ավտոճանապարհով և հասնելով ավտոճանապարհի 90-րդ կմ հատվածը, այն է՝ Շիրակի մարզի Անի համայնքի Լանջիկ բնակավայրի վարչական տարածք, չի պահպանել Կառավարության որոշմամբ հաստատված ճանապարհային երթևեկության կանոնները: Հոծ գծի առկայության պայմաններում, որը բաժանել է հանդիպակաց ուղղությունների տրանսպորտային հոսքերը, նշել ճանապարհի վտանգավոր վայրերում երթևեկության գոտիների սահմանները և ցույց տվել երթևեկելի մասի սահմանները, Հ.Պ.-ն չի իրականացրել իր վարած տրանսպորտային միջոցի աջակողմյան երթևեկություն, հատել է հոծ գիծը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկության ուղեմաս, ինչի արդյունքում ճանապարհահատվածի հանդիպակաց ուղեմասում բախվել է հանդիպակաց երթևեկելի ուղեմասով ուղիղ երթևեկող Մառլեն Միխաիլի Մարգարյանի վարած «Ֆոլկսվագեն Քրաֆթեր» մակնիշի ավտոմեքենային:«Վթարի արդյունքում Հ.Պ.-ն անզգուշությամբ առաջացրել է «Ֆոլկսվագեն Քրաֆթեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ Մառլեն Միխաիլի Մարգարյանի և ուղևորներ՝ Մուշեղ Արայիկի Էլոյանի, Լիաննա Վաչագանի Քոչինյանի, Եվա Արտակի Փարսյանի, Նարե Սուրենի Ամարյանի, Հելեն Վաչիկի Դադայանի, Ամալյա Արմենի Մնացականյանի, Բարիս Մարատի Թորոսյանի, Անահիտ Ռուբիկի Հակոբյանի, Ալվարդ Մարտիրոսի Մարտիրոսյանի, Արայիկ Սուրենի Մուրադյանի մահը: Հ.Պ.-ն ուղևորներ Մարգարիտա Արզումանի Գաբրիելյանին, Լիլիթ Վանոյի Ղուկասովային, Էդուարդ Գագիկի Սահակյանին, Պայծառ Սաբիրի Ավանեսյանին և Էդուարդ Խաչատուրի Քոլոյանին անզգուշությամբ պատճառել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: