«Մարդու իրավունքներից, արդարությունից և քաղաքական հաշվեհարդարից խոսում են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ թքել են մարդու իրավունքների վրա». Նորայր Նորիկյան

«Մարդու իրավունքներից, արդարությունից և քաղաքական հաշվեհարդարից խոսում են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ թքել են մարդու իրավունքների վրա». Նորայր Նորիկյան
«Մարդու իրավունքներից, արդարությունից և քաղաքական հաշվեհարդարից խոսում են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ թքել են մարդու իրավունքների վրա». Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանի գրառումը ներկայացնում ենք ստորև.

Վերջին մեկ տարվա ընթացքում ոչ մի համակարգ կամ ոլորտ այդքան հարված չի ստացել, որքան դատական համակարգը: 
Ո’չ նախկին ռեժիմի հիմնական պարագլուխները, ո’չ այդ ռեժիմը սպասարկող ու հենասյուն հադիսացող քրեաօլիգարխիկ համակարգը, ո’չ տարիներ շարունակ մեր երկրի ընտրական համակարգը պղծած ու 10000 դրամով ընտրությունների արդյունքները կեղծած օլիգարխներն ու թաղային խուժանը, ո’չ քրեական աշխարհն ու օրենքով գողերը, ո’չ էլ մարզային ֆեոդալներն իրենց մաշկի վրա չեն զգացել այն հարվածները, որոնք հասցվել և հասցվում են դատական իշխանությանը:

Ես չգիտեմ, թե ինչ խնդիր է սրանով լուծվում, թեև ենթադրում եմ, այդուհանդերձ, դատելով դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակով, ինչպես նաև ընթացիկ զարգացումներով, անհրաժեշտ եմ համարում արձանագրել, որ գործող դատաիրավական համակարգը չունի այն հեղինակությունն ու վստահությունը, որ կարողանա վստահաբար իրականացնել իր առաքելությունը` գտնվելով որևէ ազդեցությունից դուրս…

Գոնե ինձ համար արդեն պարզ է, որ այս համակարգը պատրաստ չէր և այսօր էլ պատրաստ չէ հայտնի գործերով ոչ միայն իրականացնել օբյեկտիվ քրեական հետապնդում, օբյեկտիվ քննություն և դատավարական հսկողություն, այլև պատրաստ չէ իրականցնել արդարադատություն:

Մի կողմից շեշտում ենք, որ այս համակարգը ձևավորվել ու կայացել է նախորդ ռեժիմների օրոք, մյուս կողմից զայրանում ենք, որ այդ համակարգը չի ցանկանում դատել իրեն ստեղծած ու կայացրած ռեժիմի պարագուխներին:

Դուք իսկապե՞ս ցանկանում եք դատել բոլոր հանցագործներին, ուրեմն համակարգը պատրաստեք այդ խնդիրը լուծելուն…
Բայց ես հեռու եմ այն մտքից, որ այս ամեն ինչի մեղավորը միայն դատավորներն են:

Քննչական մարմիններն ու դատախազությունն իրենց տեղերում լինեին, ներկայացնեին անխոցելի քննության արդյունքներ ու մեղադրանք, տեսնեմ դատական համակարգը քանի՞ գլուխ ուներ այսպիսի զարգացումներ թույլ տալու համար: Բայց դրա մասին թող մտածեն այդ մարմիններն ու նրանց աշխատանքից գոհ մնացածները:

Ինձ բոլորովին այլ խնդիր է մտահոգում. Այս մթնոլորտում ինչպե՞ս պետք է ձևավորել ու ստեղծել արդար դատական համակարգ, ի՞նչ գին պետք է վճարել` իրական արդարադատության համար, ե՞րբ և ու՞մ կողմից պետք է փրկել դատարանների ստորացված պատիվը…

Այս համատեքստում ինձ շատ քիչ է հետաքրքրում, թե դատական համակարգի և արդարադատության մասին ի՞նչ է մտածում երկրի վարչապետը, ինձ առավել շատ հետաքրքրում է, թե այս մասին ի՞նչ է մտածում ԲԴԽ-ը:

Այս մարմինն առհասարակ ունա՞կ է ապահովելու դատարանների անկախությունը, թե՞ ոչ: 
Դուք պատրա՞ստ եք պաշտպանելու արդարադատությունը որևէ ճնշումից, անկախ նրանից, թե ով կլինի ճնշել փորձողը, թե՞ ոչ:
Բայց հարցերի հարցը մնում է այն, թե, այնուամենայնիվ, ինչու՞ է դատաիրավական փնթի աշխատանքի արդյունքում «վերակենդանացվում» Ռոբերտ Քոչարյանը:

Պարոնա’յք, այդ մարդուն և մնացածներին դատեք միայն օրենքով և զրկեք նրանց որևէ ձևով շահարկելու հնարավորությունից:
Ձեր «հրաշալի» աշխատանքի արդյունքում այսօր մարդու իրավունքներից, արդարությունից և քաղաքական հաշվեհարդարից խոսում են մարդիկ, ովքեր տարիներ շարունակ թքել են մարդու իրավունքների վրա, ովքեր բառիս բուն իմաստով հաշեհարդար են տեսել իրենց մրցակիցների հետ և ուղղակի կեղեքել են մեր երկիրը` գողանալով մեր զավակների ապագան…