Հայաստան կժամանի աշխարհահռչակ ռեժիսոր, նախատեսում է նաև Netflix-ի համար սերիալ նկարահանել

Նախատեսվում է, որ Հայաստան կայցելի  աշխարհահռչակ ռեժիսոր, որը ԿԳՄՍ նախարարության հետ կնքի համագործակցության հուշագիր, նախնական պլանավորվում է նկարահանել երկու լիամետրաժ ֆիլմ և մեկ սերիալ՝ Netflix-ի համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ԱԺ կրթության, գիտության, մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը հանձնաժողովում իր համահեղինակած  «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը:

«Առաջիկայում օրենքի ընդունումից հետո նախատեսվում է, որ աշխարհահռչակ մի ռեժիսոր երկրորդ անգամ կժամանի Հայաստան: Ինձ ասում են, որ սպասում է օրենքի ընդունմանը, որ մեր նախարարության ու իր միջև կնքվի համագործակցության առաջին հուշագիրը: Եվ Հայաստանում իր կողմից նախնական նախատեսված է նկարահանել երկու լիամետրաժ ֆիլմ և մեկ սերիալ՝ Netflix-ի համար: Այսինքն՝ արդեն իսկ օրենքի կիրառման  ցանկություն կա»,-ասաց Գաբրիելյանը:

Նախագիծը ենթադրում է կինոարտադրության ոլորտին պետական ֆինանսավորման մեխանիզմի բարելավում: Խոսքը Հայաստանում ֆիլմարտադրության դեպքում որոշակի գումարի վերադարձի մասին է: Առաջին ընթերցմամբ ընդունված նախագծով նախատեսվում էր ներդրումների մասնակի վերադարձ (cash rebate)՝մինչև 20 տոկոսի չափով, իսկ հիմա առաջարկվում է սահմանել 10-40 տոկոս:

«Եթե որոշակի ապրանքի կամ ծառայությունների դեպքում կատարվում է 20 կամ 30 տոկոս վերադարձ (cash rebate), ապա, եթե ֆիլմում օգտագործվում է տվյալ երկրի հետ ասոցացվող որևէ պետական սիմվոլիկա, տեղանուն կամ պետության հայտնի պատմական դեպքերին, լրացուցիչ փոխհատուցում է տրամադրվում: Մենք այս հնարավորությունն օրենքով սահմանում ենք»,-ասաց Գաբրիելյանը: