ՀՀ վարչապետը Գերմանիայի կանցլերի հետ հեռախոսազրույցում ընդգծել է՝ պատրաստ է լարվածությունը նվազեցնելուն միտված հրատապ քննարկումներ ունենալ Ալիևի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի դաշնային հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:

Զրուցակիցները քննարկել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացման, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է իր հավատարմությունը բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում կարգավորելու մոտեցումներին՝ հիմք ընդունելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում եւ 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Կանցլեր Շոլցը նշել է, որ պատրաստակամ է աջակցել տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հաստատմանն ուղղված ջանքերին:Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ պատրաստ է  լարվածությունը նվազեցնելուն միտված հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ: