ՊՆ-ն հերքում է լուրերը, թե Պապիկյանը չի այցելել «Եռաբլուր»

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է սոցիալական ցանցերի մի խումբ օգտատերերի գրառումներն այն մասին, թե Սուրեն Պապիկյանը 2022 թ-ի սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհված զինծառայողների հիշատակը հարգելու նպատակով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։ 

Նախարարության տարածած հերքող հայտարարությանը կից հրապարակված են 2023 թվականի սեպտեմբերի 13-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոն նախարարի այցի լուսանկարներն ու տեսանյութը:

«Սեպտեմբերի 13-16-ը ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր, քաղաքական և հասարակական գործիչներ, այդ թվում՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը, իրականությանը չհամապատասխանող գրառումներ են կատարել այն մասին, թե պաշտպանության նախարարը 2022 թ-ի սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհված զինծառայողների հիշատակը հարգելու նպատակով «Եռաբլուր» զինվորական պանթեոն չի այցելել։

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀՀ պաշտպանության նախարարը սեպտեմբերի 13-ի վաղ առավոտյան՝ ժամը 08։10-ին, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Նախարարը հարգանքի տուրք է մատուցել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը ՀՀ ինքնիշխան տարածքն անձնվիրաբար պաշտպանելիս զոհված հայորդիների հիշատակին: Պաշտպանության նախարարը ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին:

Հորդորում ենք ֆեյսբուքյան օգտատերերին, քաղաքական և հասարակական գործիչներին զերծ մնալ ավելորդ և անհարկի շահարկումներից»,-նշել են գերատեսչությունից՝ հավելելով, որ նմանօրինակ գրառումների հեղինակներին նաև հեռախոսազանգով իրազեկվել է, որ պաշտպանության նախարարի՝ «Եռաբլուր» չայցելելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։