ՀՀ-ում սահմանադրական կարգը բռնի տապալելու առերևույթ հրապարակային կոչ է հնչեցվել. նախաձեռնվել է քրվարույթ

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Տիգրան Խաչատուրի Ուրիխանյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում, www.youtube.com կայքի «Тигран Уриханян» վերնագրով և «Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցություն» գրառմամբ տիտղոսային պատկերով օգտագհաշիվներով հրապարակել է «Կոչ եմ անում դուրս գալ փողոց» վերտառությամբ տեսագրությունը, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանում պարունակվում եմ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր:

ՔԿ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ վերոգրյալի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:

«Սոցիալական հարթակներում առկա են նման բովանդակության այլ հրապարակումներ ևս, որոնք ներկա պահին ուսումնասիրվում են։

ՀՀ քննչական կոմիտեն հանրությանը կոչ է անում դրսևորել օրինապաշտ, իրավահպատակ վարքագիծ, զերծ մնալ հակաիրավական, պետության անվտանգության և սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողություններից, դրանց դիմելուն ուղղված կոչեր հնչեցնելուց։

Ցանկացած առերևույթ հանցավոր դրսևորման տրվելու է համաչափ քրեաիրավական գնահատական»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ։