Մակրոնն աջակցություն է հայտնել հայ ժողովրդին

Ֆրանսիան շատ աչալուրջ է Հայաստանի տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերում և կանգնած է հայ ժողովրդի կողքին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը BFM հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Մակրոնն անդրադարձել է սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի լայնածավալ հարձակմանը Լեռնային Ղարաբաղի վրա։

«Վերջին օրերին մենք ականատես եղանք Ղարաբաղում կատարվող անընդունելի հանցանքների և պատերազմական գործողությունների», – ասել է նա՝ հավելելով, որ Ֆրանսիան շարունակելու է մոբիլիզացվել հումանիտար հարցերի շուրջ, որպեսզի հումանիտար օգնություն ցուցաբերի Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։

Ֆրանսիայի նախագահը նաև շեշտել է, որ Փարիզը կշարունակի քաղաքական աջակցություն ցուցաբերել տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։

«Մենք քաղաքական աջակցություն ենք տրամադրում, որպեսզի հնարավոր լինի բանակցությունների միջոցով հասնել տևական խաղաղության», – ասել է Էմանուել Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նաև վստահ է, որ այժմ վտանգված է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

«Ֆրանսիան այսօր շատ զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում, որովհետև հենց դա է վտանգված։ Այժմ կա Ռուսաստան, որը մեղսակից է Ադրբեջանին, կա Թուրքիա, որը միշտ աջակցել է նրա (խմբ․՝ Ադրբեջանի) գործողություններին», – ասել է Մակրոնը՝ շեշտելով, որ իր երկիրը կանգնած է հայ ժողովրդի և միջազգային իրավունքի կողքին։