«Կոչ կանեմ լրջանալ, որովհետև մենք ոչ մեկից լավը չենք, բնակչության զգալի մասը ծեր է, լուրջ կորուստներ կարող ենք ունենալ». Սերգեյ Դանիելյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է դերասան Սերգեյ Դանիելյանը (Յոժ)

Պարո՛ն Դանիելյան, Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարված, բայց մինչ օրս կարծես մարդիկ լուրջ չեն վերաբերվում այդ սահմանափակումներին, ինչո՞ւ չեն պահպանում մեկուսացման կանոնները։

– Ոչ մի ազգ էլ պատրաստ չէ այս կատաստրոֆային։ Մենք էլ պատրաստ չենք, բայց պետք է պատրաստվենք։ Այնպես չէ, որ ամեն տեղ այդ կանոններին հետևել են, եթե այդպես լիներ, վիրուսն այսքան չէր տարածվի, նույն Եվրոպայում տարածվեց։

Կամաց-կամաց կսովորենք այս վիճակին, ինչ արած։ Մարդը միշտ մտածում է՝ կարամ փողոցը սխալ անցնեմ, ինձ բան չի լինի, կարամ չվարակվեմ, մտածում են՝ իրենց կողքով կանցնի։ Երբեք մարդ վատը չի մտածում, դա բնական պաշտպանական ռեֆլեքս է։ Այնպես չէ, որ դա միայն մեր ազգին է բնորոշ։

Այս օրերին նաև շատ ենք լսում արտահայտություններ, որ մենք երկրաշարժ ու պատերազմ տեսած ազգ ենք, այս վիրուսը մեզ չի վախեցնի։ Այսինքն՝ սթրեսակայո՞ւն ենք։

– Դե, ինչ խոսք, դա մեզ ահագին կոփել է։ Ի՞նչ է եղել, դե, տանը նստեք, էլի, ի՞նչ մի դժվար բան է։ Ուղղակի չաշխատելու դեպքում գումարը չհերիքելու խնդիր կա։ Մենք Ամերիկա չենք, որ մարդա հազար դոլար տան, ասեն՝ դե յոլա գնացեք։ Օրվա հացով ապրող մարդիկ կան, թե ինչ է լինելու նրանց վիճակը՝ ես չգիտեմ։

– Կան տեսակետներ, որ պետությունը պետք է լուծի այն մարդկանց ֆինանսական խնդիրները, ովքեր այս օրերին անկախ իրենց կամքից զրկվել են աշխատելու հնարավորությունից։ Ձեր կարծիքով՝ մեր երկրում ինչպե՞ս պետք է լուծվի այդ խնդիրը։

– Պետությունը չի կարող դա լուծել, որովհետև մեր պետությունն այդքան փող չունի։ Մենք 30 տարի մեր ամբողջ ռեսուրսները վատնել ենք և ոչինչ չունենք, որբ ենք՝ կոպիտ ասած։ Նա, ով ասում է, որ պետությունը պետք է այդ հարցը լուծի, ժամանակին պետությունից քիչ գողանայիր, որ լուծեր։

Ժամանակին բոլորդ հարկերը մուծեիք, նորմալ բիզնես անեիք, ոչ թե թալանելով, սպանելով, խաբելով ու քցելով, պետական մեխանիզմները օգտագործելով։ Եթե այս պրոբլեմը լիներ 100 տարի հետո, երևի նորմալ դուրս կգայինք այս ամենից։

Բայց հիմա, իհարկե, կորուստները շատ կլինեն, թույլն ավելի շատ կտուժի, ուժեղն՝ ավելի քիչ։ Մենք, ցավոք, թույլ օղակ ենք այս ամբողջ շղթայում և երևի շատ կտուժենք։

– Այսինքն՝ կարո՞ղ ենք նորից խնդրի առաջ կանգնել, որ երկրում աղքատների թվի աճ գրանցվի։

– Դե, չեն աշխատում մարդիկ, բա աղքատ կլինեն։ Մենք եվրոպացի չենք, որ մարդա մի 3000 եվրո գոնե հետ գցած ունենանք, մենք այսօր աշխատում ենք, վաղը ուտում ենք, մյուս օրը սոված ենք, եթե չաշխատենք։ Եվ ժողովրդի 90 տոկոսն է այդ վիճակում՝ ֆայլաբազարում կանգնածից մինչև օֆիսի աշխատող։ Մենք օրվա հացով ապրող ենք, և այդ վիճակը նոր չի ստեղծվել։

– Կառավարության քայլերն ինչպե՞ս եք գնահատում, առավելագո՞ւյնն է անում այս իրավիճակում։

– Սրանից ավելի չեն կարող անել, եթե լինեին նախկինները, մենք վաբշե սովից կմեռնեինք, որովհետև իրենք միայն վրեքներս փող կաշխատեին։ Սրանք մեր վրա փող չեն աշխատում, ու սրանից ավելի մենեջմենթ ես չգիտեմ, ի՞նչ պետք է անեն։

Գործարարները կարծես այս իրավիճակում աջակցելու պատրաստակամություն չեն ստանձնում։ Օրինակ՝ նրանցից Գագիկ Ծառուկյանը, որը նաև ԱԺ պատգամավոր է, շեշտեց, որ չաշխատող գործարարների հարկերն ու աշխատողների աշխատավարձերը պետք է պետությունը վճարի։ Ինչո՞ւ է այս իրավիճակը։

– Մեր գործարարների 90 տոկոսը գողեր են, նրանք վախտին մեզանից գողացել են, դարձել են գործարար։ Եկեք իրերն իրենց անունով կոչենք։ Ի՞նչ գործարար, նրանք գող են, որոնք ժամանակին գողացել են մեզանից մեր ծնողների թոշակները, մեր երեխեքի նպաստները, երկրաշարժի համար մեր ստացած օգնությունը։

Նրանք թալանել, գողացել են, կոխել են մի տեղները և հիմա ասում են՝ պետությունը պետք է անի։ Սրանք էլ թույլ են, հեղափոխություն էիք անում, դնեիք սաղին գնդակահարեիք, ձեռներից վերցնեիք։ Հիմա այդ փողերը կունենայինք, գործարանները կլինեին ազգայնացված, լույսը, գազը, հանքերը…

Մի բան կանեինք, բայց հիմա չենք կարող անել։ Հիմա բնակչության մի մասը կսովի, ծերերի մի մասը կմահանա, և սրանից հետո մի քիչ ուժեղացած դուրս կգանք։ Ես մի քիչ օպտիմիստ եմ այդ հարցերում։ Յուրաքանչյուր սթրեսային վիճակից միշտ ժողովուրդը դուրս է գալիս ավելի ուժեղ։

Իսկ ինչ վերաբերում է գործարարներին, մենք մի քանի IT-չնիկ ունենք, մի քանի գործարար ունենք, որոնց բիզնեսը ժամանակին Սաշիկն ուզում էր խլել, բայց չի կարեցել խլել, էդ խեղճ մարդիկ աշխատում են։ Իսկ մնացած խոշոր գործարարները գողացել են, ի՞նչ գործարար։ Մուկը քանի՞ գործարան ունի, նա բիզնեսմե՞ն է։

Ուզում են համոզել, որ Մուկը պոմիդոր աճեցնելով բիզնեսմե՞ն ա դարձել։ Նա գող ա, էդքան բան, գողերին ժամանակին պետք է բռնեին գնդակահարեին, վերցնեին ձեռքներից ամեն ինչ, պետականացնեին, և այդ զալատոյ զապասը հիմա կունենայինք։

– Ի՞նչ կոչ կուղղեք մարդկանց։

– Ես մարդկանց կոչ կանեմ լրջանալ, որովհետև մենք ոչ մեկից լավը չենք։ Մեր բնակչության զգալի մասը ծեր է, և մենք լուրջ կորուստներ կարող ենք ունենալ։ Մի քիչ պետք է հավաքվենք, հասկանանք, որ եթե ասել են՝ 60 տարեկաններն են այս ժամին գնում խանութ, ուրեմն նրանք են գնում։

Տատիկներին ու պապիկներին ուղարկեք խանութ, դուք վեր ընկեք տներդ, հետո դուք գնացեք։

Մի քիչ պետք է ինքնակազմակերպվել։ Եթե պետք է՝ անձնագրով կֆռֆռանք։ Վիրուսներն ունեն նման միտում՝ միանգամից ունենում են վերելք, հետո՝ անկում։

Եթե որևէ մեկը կասի, որ ժանտախտի դեմ պայքարելով՝ կարողացան դրա դեմն առնել, դա սուտ է, 30 մլն մարդ մեռավ, և կանգնեց ժանտախտը։ Բնությանը երևի այդպես էր պետք։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am