Երևանի քաղաքապետի ընտրության քվեարկությանը մասնակցեցին ավագանու նիստին ներկա 37 անդամները։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Երևանի նորընտիր ավագանու նիստում քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Տիգրան Ավինյանը։
Հաշվի առնելով, որ քվեարկության համար նախատեսված է 1 ժամ, արդյունքները կհրապարակվեն դրա ավարտից հետո, որ ավագանու բացակա անդամները նույնպես հնարավորություն ունենան գալ և քվեարկել։
Երևանի ավագանու ընտրություններն անցկացվել էին սեպտեմբերի 17-ին: Ընտրություններում մասնակից 14 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել է 5-ը: Անցողիկ շեմը հաղթահարած ուժերն են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, «Մայր Հայաստան» դաշինքը, «Հանրային ձայն» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը բոյկոտել են Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։