Հռոմի Ֆրանցիսկոս պապը Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և ԼՂ կրոնական մշակութային ժառանգությունը պաշտպանելու կոչ է արել

Հռոմի Ֆրանցիսկոս պապը, հոկտեմբերի 15-ին դիմելով Սուրբ Պետրոս հրապարակում հավաքված ուխտավորներին, մտահոգություն է հայտնել Իսրայելում և Գազայի հատվածում տեղի ունեցածի վերաբերյալ․ Նա մտահոգություն է հայտնել նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ։ Սբազան Քահանայապետը կոչ է արել  պաշտպանել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և տեղի կրոնական մշակութային ժառանգությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Vaticannews-ը։

«Իր գրասենեակի պատուհանէն արտասանած Հրեշտակ Տեառն Մարեմեան աղօթքի աւարտին Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը խօսքը ուղղելով Սուրբ Պետրոս հրապարակ ժամանած ուխտաւորներուն, նախ իր խոր մտահոգութիւնը արտայայտեց Իսրայէլի ու մասնաւորապէս Կազայի մէջ պատահածին համար, մտահոգութիւնը արտայայտելով նաեւ Լեռնային Ղարաբաղի մէջ տիրող կացութեան համար։

«Աւելիով պակաս չէ իմ մտահոգութիւնս, Լեռնային Ղարաբաղի տագնապին համար։ Տեղահաններու մարդասիրական իրավիճակէն անդին, – որ արդեն խիստ ծանր է – կ՛ուզեմ յատուկ կոչ մը ուղղել տարածաշրջանի մէջ Վանքերու եւ աղօթատեղիներու պաշտպանութեան ի սպաս», ըսաւ Սրբազան Քահանայապետը մաղթանք յայտնելով, որ «սկսեալ Իշխանութիւններէն ու բոլոր բնակիչներէն, անոնք (վանքերը եւ աղօթատեղիները) յարգուին եւ պաշտպանուին, որպէս մշակոյթի մաս, տեղական մշակոյթի մաս, հաւատքի արտայայտութիւն եւ եղբայրութեան նշան, որ կարելի կը դարձնէ տարբերութիւններուն մէջ միասին ապրիլը», յարեց Սրբազան Պապը։

Ան ապա ակնարկեց «C’est la confiance» վերտառութեամբ այսօր հրատարակուած առաքելական յորդորագիրին, նուիրուած Մանուկ Յիսուսի եւ Սուրբ Դէմքի Սրբուհի Թերեզային։

«Արդարեւ այնպէս ինչպէս վկայեց այս մեծ Սրբուհին ու Եկեղեցւոյ Վարդապետը` Աստուծոյ ողորմած սիրոյ հանդէպ վստահութիւնն է այն ճանապարհը, որ մեզ կը տանի դէպի Տիրոջ սիրտը և անոր Աւետարանը», ըսաւ Քահանայապետը ապա ողջունեց հրապարակ ժամանած ուխտաւորներու խումբերը խնդրելով նաեւ` որ չի մոռցուի Ուքրանիան։

Սրբազան Պապը խօսքը աւարտեց բոլորին մաղթելով բարի կիրակի եւ խնդրելով որ չի մոռնան իրեն համար աղօթելու»,- ասվում է Vaticannews-ի հաղորդագրության մեջ։